Եվրամիության հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն երեկ կայացած երևանյան այցի ընթացքում հայտարարել է, որ Եվրամիությունը Հայաստանին չի ստիպում փչացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ, այլ հակառակը՝ խրախուսում է զարգացնել և վայելել դրանք` ավելի ամրացնելով իր դիրքերը: Սա, ըստ էության, առանցքային քաղաքական հայտարարություն է, որ արվում է Երևանում, և որով պաշտոնական Բրյուսելը փաստացի միակողմանիորեն հայտարարում է, որ Երևանի հետ հարաբերություններում չի առաջնորդվում հակառուսականությամբ:
Սրան շատերն, իհարկե, կարող են չհավատալ` ասելով, որ իրականում ամեն ինչ հակառակն է, և Եվրամիությունը ընդամենը այլ բան է հայտարարում: Սակայն հավատալ-չհավատալու խնդիր էլ չկա, հարցը պարզապես այն է, որ հնչում է քաղաքական հայտարարություն, այն դեպքում, երբ Ռուսաստանից, օրինակ, հնչում են լիովին հակառակ հայտարարություններ: Այսպես` Հայաստանում Ռուսաստանի արդեն նախկին դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն օրեր առաջ հարցազրույց էր տվել ինչ-որ գործակալության և հայտարարել, որ եվրոպական արժեքներ ընտրելով Հայաստանը կանգնում է սայթաքուն ճանապարհի վրա:
Այս խոսքերի ֆոնին Ֆյուլեի հայտարարությունն առավել խոսուն է դառնում, և կոնտրաստը Բրյուսելի և Մոսկվայի գոնե հրապարակային մոտեցումների, այսինքն` քաղաքական պատասխանատվությունների միջև լիովին պարզ է դառնում: Եթե Բրյուսելը այդ իմաստով Երևանին հռչակում է որպես գործընկեր, ապա Մոսկվայի վերաբերմունքը առավել ակնհայտ է դառնում՝ Հայաստանին դիտարկել որպես վասալ, որի որևէ այլ հարաբերություն ընկալվում է որպես դավաճանություն կամ ապստամբություն:
Ինքնին հասկանալի է, որ այս ամենը երկուստեք քաղաքական պայքար է, որ վարում են աշխարհաքաղաքական բոլոր բևեռները արդեն դարեր շարունակ` փոփոխվելով տեղերով և քաշային կատեգորիաներով, սակայն խնդիրն այն է, թե ով ինչ բովանդակության և սկզբունքների վրա է կառուցում այդ պայքարը, այդ թվում` ավելի փոքր պետությունների հանդեպ: Տվյալ պարագայում խոսքը, բնականաբար, գնում է Հայաստանի մասին, որն այս պայքարում պետք է կատարի բարդ ընտրություններ ու կողմնորոշումներ` պահպանելով հարաբերությունները անցած տարիների ընթացքում գերազդեցություն ձեռք բերած Ռուսաստանի հետ, և միաժամանակ կառուցելով այլ անհրաժեշտ հարաբերություններ և խորացնելով դրանք Եվրոպայի, Արևմուտքի հետ:
Այս իմաստով Եվրոպան, ըստ Ֆյուլեի հայտարարությունների տրամաբանության, Ռուսաստանին պարզապես առաջարկում է մրցակցել Հայաստանի համար, մրցակցել առաջարկություններով և քաղաքական պատասխանատվությամբ, ոչ թե մահակով, կացնով կամ Ադրբեջանին վաճառվող զենքով, կամ խեղդել Հայաստանին թանկ գազով: Ի՞նչ կպատասխանի Բրյուսելի այս առաջարկին Մոսկվան, գուցե թե կերևա առաջիկայում, սակայն ռացիոնալ պատասխանի ակնկալիքը, մեղմ ասած, քիչ է, որովհետև մոսկովյան քաղաքականության մեջ բովանդակային պայքարի ավանդույթը հավասար է գրեթե զրոյի, և Մոսկվան կամ դիմում է մահակի, կամ բիզնեսի տրամաբանությանը: Ընդ որում, որպես կանոն, նա մահակի է դիմում Հայաստանի հանդեպ, իսկ բիզնես անում է մեր թշնամիների հետ:








































