ԱՄՆ Վերահսկիչ մարմինները երկրի ֆինանսական համակարգի համար պոտենցիալ սպառնալիք են ճանաչել American International Group (AIG) և General Electric Capital Corporation ընկերությունները: Ինչպես հայտնել է ԱՄՆ ֆինանսների նախարարության մամլո ծառայությունը, համապատասխան որոշումն ընդունել է Ֆինանսական կայունության վերահսկման ազգային խորհուրդը: Այդ մարմնի ղեկավարն է ֆինանսների նախարար Ջեյքոբ Լյուն: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Նրա խոսքով՝ խորհուրդը վճռական քայլ է արել՝ պատասխանելու ԱՄՆ ֆինանսական կայունության սպառնալիքներին, ստեղծելու ավելի անվտանգ և կայուն ֆինանսական համակարգ:
Լյուն վստահ է, որ որոշումը կօգնի պաշտպանելու ԱՄՆ ֆինանսական համակարգն ու տնտեսությունը ռիսկերի այն տեսակից, որոնք 2008 թվականին հանգեցրին ֆինանսական ճգնաժամի: Նա վստահեցրել է, որ խորհուրդը շարունակում է մանրազնին ուսումնասիրել ֆինանսական շուկայում աշխատող մյուս ընկերություններին՝ չեզոքացնելու ֆինանսական կայունության մնացյալ սպառնալիքները:
Խորհրդի կողմից ձեռնարկված գործողությունները գործնականում նշանակում են, որ այդ երկու ընկերությունները տեղափոխվում են Դաշնային պահուստային համակարգի վերահսկողության տակ:
Կանխարգելիչ միջոցառումների առիթը խորհրդի եզրակացությունն էր, համաձայն որի՝ այդ երկու ընկերությունների մոտ մեծ խնդիրների առաջացումը կարող է սպառնալ ԱՄՆ ֆինանսական կայունությանը: Այդ եզրակացությունը չի նշանակում, որ երկու ընկերությունները ներկայում լուրջ դժվարություններ ունեն աշխատանքում՝ պարզաբանել է ֆինանսների նախարարությունը:










































