«Ոսկե ծիրան» 10-րդ միջազգային կինոփառատոնին այս տարի կներկայացվի «Ռուսական կինոյի օրեր» հատուկ ծրագիրը, որի մեկնարկը կտրվի այսօր՝ Բորիս Խլեբկովի «Քանի դեռ գիշերը չի բաժանել մեզ» ֆիլմով: Ծրագիրն անցկացվում է Ռուսաստանի Դաշնության մշակույթի նախարարության և «Կինոֆեստ» պրոդյուսերական կենտրոնի հետ համատեղ: Կցուցադրվի ևս հինգ ֆիլմ՝ «Դաշտային մարիների երկրային կանայք», «Կողքիդ կլինեմ», «Ինտիմ մասեր», «Արքայադստեր պատերազմը» և «Մայորը»:
Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ներկայացուցչության ղեկավար Վիկտոր Կրիվոպուսկովն այսօր լրագրողների հետ հանդիպմանը ողջունեց բոլոր մասնակիցներին և հավաստիացրեց, որ ծրագրում ներառվել են այնպիսի ֆիլմեր, որոնք կհետաքրքրեն հանդիսատեսին. «Սրտանց ուրախ եմ Երևանում գտնվելու համար, մանավանդ որ մասնակցում եմ 10-րդ «Ոսկե ծիրանին». դա շատ սիմվոլիկ է: Մենք ներկայացրել ենք այնպիսի ֆիլմեր, որոնք մոտ են մեր մշակույթներին: Ռուսաստանում լավ ծանոթ են հայկական մշակույթին, և այն մեզ համար շատ սիրելի է»:
Ցուցադրվելիք ֆիլմերի ռեժիսորներն իրենց տպավորությունների և ֆիլմերի մասին զրուցեցին լրագրողների հետ, նշեցին, որ փորձել են վեր հանել այնպիսի խնդիրներ, որոնք հասարակության մեջ տարածված են, բայց դեռևս չեն բարձրաձայնվել:
Ռեժիսոր Նատաշա Մերկուլովան, օրինակ, ասաց, որ «Ինտիմ մասեր» ֆիլմում կան էրոտիկ պահեր, մերկ մարմիններ, ֆիլմն ընդհանուր առմամբ մոսկվաբնակների մասին մելոդրամա է:
Մանրամասները դիտեք տեսանյութում:
Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի











































