«Տարածաշրջանի ներկա մարտահրավերները և դրանց ազդեցությունը Հայաստանի վրա» թեմայով լրագրողների հետ հանդիպմանը քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովն անդրադարձավ Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակին:
Նա նշեց, որ Մերձավոր Արևելքն աշխարհագրորեն և քաղաքականապես անհանգստության պատճառ է դարձել գլոբալ իմաստով շատ վաղուց: ««Արաբական գարունը» ևս մեկ անգամ հիշեցրեց ժամանակին հայտնի ժողովրդավարական ալիքները կամ ալիքների մի մասը, սակայն արդյոք դա ժողովրդավարակա՞ն ալիք է, թե՞ այլ բնույթի գործողություն»,- ասաց քաղաքագետը:
Վերջին շրջանի իրադարձություններին անդրադառնալով՝ քաղաքագետը ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ մինչև հակահեղափոխությունը բանակը հանդես էր գալիս որպես պետականակենտրոն կառույց (չնայած այլ հարց է, թե ինչքանով է դա հակահեղափոխություն): Կիրառված մեթոդները միշտ չէ, որ ժողովրդավարական էին: Բայդ դա և տարածաշրջանի, և երկրի համար ապահովում էր մինիմալիստական որոշակի կայունություն: Ալեքսանդր Մարկարովի կարծիքով՝ այս մինիմալիստական կայունության պայմաններում բացակայում էին ներքին խոշոր լարումներն ու հակամարտությունները:
«Այն, ինչ տեղի է ունենում ռազմական էլիտայի քաղաքականություն վերադարձի արդյունքում, ցույց է տալիս, որ «Մուսուլման եղբայրները» կարող է հանդես գալ որպես ընդդիմություն: Դա բավականին կայացած ուժ է, որը կարող է քննադատությամբ հանդես գալ երկրի ներսում: Սակայն որպես ուժ, որի շուրջ կոնսոլիդացվում է պետությունը, ավելի շատ բախումներն է ավելացնում»,- փաստեց քաղաքագետ Մարկարովը:
Ըստ նրա՝ ձևավորվում է ջրբաժան մի կողմից՝ աշխարհիկ ուժերի, որոնք կողմնակից են աշխարհիկ պետությանը, մյուս կողմից՝ այն ուժերի, որոնք պետության ապագան տեսնում են կրոնական հիմքերով:
«Բանակի վերադարձը այս քաղաքական խաղի մեջ կարող է մի քանի բան նշանակել՝ բանակը փորձում է վերադարձնել երկրի կայունությունը, Եգիպտոսը դարձնել ավելի կանխատեսելի, ինչպիսին եղել է Մուբարաքի ժամանակաշրջանում( հատկապես հարևանների համար), մյուս կողմից՝ այն նախագահը, որ վայր է դրել իր լիազորությունները, եղել է ընտրված»,- նշեց քաղաքագետը:
Ալեքսանդր Մարկարովն անդրադարձավ նաև Հյուսիսաֆրիկյան երկրների շուրջ ծավալվող իրադարձույուններին:
«Լիբիան այսօր մասնատվում է: Տարբեր ցեղերի և խմբերի մեջ տեղի է ունենում անջատողական պայքար, և դա վերադարձնում է այն իրավիճակը, որ տիրում էր այստեղ տասնյակ տարիներ առաջ»,- ասաց բանախոսը:
Նրա կարծիքով՝ նորից հարց է առաջանում՝ ունենալ ավտորիտար կայունություն և ինչ-որ իմաստով ներքին կանխատեսելիությո՞ւն, թե՞ պրոժողովրդավարական շարժում՝ տարբեր ձևերով, որոնք ներմուծվում են խաղի մեջ և բերում երկրին կայունություն:
Եգիպտոսում ուժային կառույցները բավականին երկար ժամանակ հանդես են եկել որպես երկրի կայունության երաշխիք: Բանակը Եգիպտոսում կայունության երաշխիքն է:









































