«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ուկրաինացի հրապարակախոս, հեղինակավոր վերլուծաբան Վիտալի Պորտնիկովը:
– Վիտալի, ինչպե՞ս կբնութագրեք վերջին զարգացումները Հայաստանում՝ «Սասնա ծռեր» խմբի կողմից ոստիկանական գունդը գրավելուց հետո: Դա ի՞նչ գործընթաց էր Ձեր կարծիքով:
– Հայաստանի ճգնաժամը հետխորհրդային տարածքի ընդհանուր քայքայման և կազմաքանդման գործընթացի մի մասն է: Երկրում չկան ո՛չ իրական տնտեսական բարեփոխումներ, ո՛չ անվտանգության երաշխիքներ: Պետությունը փաստացի վերածվել է ռուսական պրոտեկտորատի: Դա է հաստատում Պուտինի ճնշման հետևանքով նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարումը՝ ստորագրելու Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիրը: Եվ դրա հետ մեկտեղ՝ Ռուսաստանը պատրաստ է զոհաբերել Հայաստանի շահերը ցանկացած հարմար պահի: Եթե չլիներ Ղարաբաղի հարցը, Երևանում դեռ կարող էին մտածել մանևրի հնարավորության, դեպի Արևմուտք վերակողմնորոշվելու, հարևանների հետ անվտանգության և փոխըմբռնման մոդելների փնտրտուքի մասին: Բայց Ղարաբաղի հարցը կա, այդ պատճառով էլ Հայաստանի իշխանություններին և քաղաքացիներին մնում է միայն հետևել, թե ինչպես են արմատականանում հանրային տրամադրությունները և երկիրը մոտենում է անվերջ հակամատությունների և բոլորը բոլորի դեմ առճակատումների անդունդին:
– Հետաքրքիր է՝ ինչպե՞ս էին ուկրաինացիները գնահատում ու մեկնաբանում Երևանում տեղի ունեցող իրադարձությունները:
– Ընդհանուր առմամբ, Հայաստանի խնդիրները շատ հեռու են ուկրաինական հասարակության համար: Ցավոք, Հայաստանը մեծամասնության կողմից ընկալվում է որպես ագրեսորի դաշնակից՝ այդ գնահատականից բխող բոլոր հասկանալի հետևանքներով:
– Ի՞նչ զուգահեռներ կարելի է անցկացնել հայաստանյան դեպքերի և Մայդանի կամ թեկուզ Ուկրաինայի 2013-14 թթ. իրադարձությունների սկզբնական փուլի հետ:
– Կարելի է անցկացնել միայն հակազուգահեռներ: Մայդանը ամենասկզբից եղել է բացառապես խաղաղ ցույց, ուժը կիրառում էր իշխանությունը: Բայց դա ունի իր բացատրությունը. Հայաստանում պարզապես չկա քաղաքական կյանք՝ որպես այդպիսին: Իշխանությունը փաստացի մոնոպոլիզացված է մի քանի խմբավորումների կողմից, որոնք քաղում են իրենց հաջողության պտուղները թե՛ քաղաքական և թե՛ տնտեսական ոլորտում:
Խորհրդարանական ընդդիմությունը մարգինալիզացված է և չունի ո՛չ իշխանության գալու, ո՛չ էլ իշխանության կողմից լսվելու, ո՛չ էլ երկրում իրավիճակը փոխելու հնարավորություն: Բայց չէ՞ որ ընդամենը մի քանի տարի առաջ «Բարգավաճ Հայաստան» ընդդիմադիր կուսակցությունը երկրորդ տեղը գրավեց խորհրդարանական ընտրություններում, և այդ կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ընկալվում էր որպես նախագահական ընտրությունների հնարավոր մասնակից և նույնիսկ հաղթող: Բայց իշխանության քայլերն այնքան արդյունավետ էին, որ 2013 թ. ընտրություններին փաստացի չմասնակցեցին այնպիսի թեկնածուներ, որոնք կարող էին մրցակցել Սարգսյանի հետ: Ընդ որում, մարգինալիզացված վիճակում է հայտնվել ոչ միայն քաղաքական ընդդիմությունը, այլև փողոցային պայքարը: Ընդդիմության բազմահազարանոց ցույցերը, որոնք տեղի են ունենում Երևանում երկար տարիներ շարունակ, որպես կանոն որևէ արդյունք չեն տալիս:
– «Սասնա ծռերի» անդամները հանձնվելիս ասում էին, որ իրենց գլխավոր նպատակը հասարակությանը քաղաքական քնից արթնացնելն էր, որպեսզի մարդիկ շարունակեն իրեն սկսած ազգային-ազատագրական պայքարը «գաղութային ռեժիմի» դեմ՝ թույլ չտալով Հայաստանը վերածել «ռուսական նահանգի»: Եվ նրանք կարծում են, որ հասել են իրենց նպատակին: Ձեր կարծիքով՝ այդ զարթոնքը կարո՞ղ է լուրջ նախադրյալ դառնալ հետագա հակաիշխանական գործընթացների զարգացման համար:
– Մինչև վերջերս հայ հանրության մեջ կար վախ իշխանության և պետության ապակայունացման հանդեպ, քանի որ ձևավորվել էր կարծիք, թե այդ անկայունությունից կարող է օգտվել հարևան Ադրբեջանը: Ղարաբաղյան հակամարտությունը մնում է գլխավոր խնդիրը, որով պայմանավորում են ինչպես պետական շահերը, այնպես էլ հանրային տրամադրությունները: Ուստի, Հայաստանում ծավալվող ցանկացած բանավեճում անկյունաքարային նշանակություն ունեին երկու կասկածելի դոգմաներ՝ իշխանության կայունությունը և Ռուսաստանի հետ կապերի անսասանությունը: Բայց, վերջին իրադարձությունները ղարաբաղյան ճակատում զգալիորեն փոխեցին պատկերացումները իրականության մասին: Պարզ դարձավ, որ Ադրբեջանի հետ զինված բախումը կարող է չլինել հօգուտ Հայաստանի: Բայց կարևոր է ոչ միայն դա, այլև այն, որ Ռուսաստանը ամենևին չէր շտապում գործնական օգնություն ցույց տալու տարածաշրջանում իր միակ դաշնակցին: Եվ առաջացավ կարծիք, որ Մոսկվան, հանուն Ադրբեջանի և Թուրքիայի հետ լավ հարաբերությունների, կարող է հանգիստ սրտով «հանձնել» եթե ոչ Հայաստանը, ապա գոնե Ղարաբաղը:
Բանակցությունները Ղարաբաղի շրջակա ադրբեջանական շրջանները Ադրբեջանին հանձնելու հնարավորության շուրջ առաջացրեցին ոչ միայն արմատականների, այլև հանրության մեծամասնության դժգոհությունը: Ոստիկանական բաժանմունքը գրավողներն իրենց գործողությունները պատճառաբանում էին այն հանգամանքով, որ իշխանությունները կարող են «հանձնել» Ղարաբաղը և կոչ արեցին թուլացնել Հայաստանի կախվածությունը Ռուսաստանից: Իրավիճակի պարադոքսն այն է, որ քանի դեռ չի հանգուցալուծվել ղարաբաղյան հիմնախնդիրը, Հայաստանի կախվածությունը Ռուսաստանից միայն աճելու է: Բայց Հայաստանում, ըստ էության չկան այնպիսի մարդիկ, ովքեր պատրաստ են խոստովանել, որ այս երկու խնդիրների միջև փոխադարձ կապ կա:







































