«Հրապարակ» օրաթերթը իր խմբագրականում այսօր գրում է. «Քաղաքագետներից մեկը, արձագանքելով մեր մի հրապարակմանը, մի առիթով ասաց. «Սոցիալական բունտ Հայաստանում չի կարող լինել՝ մեր ժողովուրդը սոցիալական հողի վրա երբեք փողոց դուրս չի եկել և չի գա»: Թերևս կարելի Է համաձայնել այս մտքի հետ՝ հայ ժողովուրդը փողոց դուրս չի գալիս, հայ ժողովուրդն ուղիղ օդանավակայան կամ ավտոկայան է գնում:
Հայ մարդն իր բողոքն արտահայտում է երկրից հեռանալով: Եվ եթե անցյալում հեռանում էին որակյալ մասնագետները, հասարակության սոցիալապես ապահով հատվածը, որը Հայաստանում մասնագիտական աճի, կարիերա անելու հնարավորություն չէր տեսնում, դժգոհ էր արդարության և հոգևոր կյանքի մակարդակից, չէր տեղավորվում հայաստանյան իրականության շրջանակներում, ապա֊ հիմա գաղթողների սոցիալական կազմը փոխվել է. գնում է ամենաչքավոր մասը: Համենայնդեպս, Վրաստանի սահմանն անցնողների մեծ մասը հենց այդ խավից են, որոնք գնում են բառացիորեն հաց վաստակելու: Գնում են եղեռնից մազապուրծ ամբոխի նման՝ բոխչաներով ու աման-չամանով, ավտոբուսների հատակին կուչ եկած: Ինչպե՞ս է անդրադառնալու հուլիսի 7-ից վրա հասած գազի և դրան հաջորդած այլ թանկացումների ալիքը միգրացիայի վրա: Ինչպե՞ս են արձագանքելու տարրական ծառայությունների ու ապրանքների թանկացմանը մեր ժողովրդի աղքատության շեմից այն կողմ ապրողները: Չէ՞ որ այդ թանկացումները դեռ նոր-նոր են թափ հավաքում»:
Խմբագրականն ամբողջությամբ՝ կարդացեք «Հրապարակ»-ի այսօրվա համարում:









































