Georgia Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի ԿԸՀ-ն ներկա դրությամբ գրանցել է արդեն 32 կուսակցության՝ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար:
Վրաստանում խորհրդարանական ընտրություններն անցկացվելու են հոկտեմբերի 8-ին: Դրանց կարող է մասնակցել Վրաստանի տարածքում գրանցված յուրաքանչյուր կուսակցություն, որը կներկայացնի իր աջակցության մասին ստորագրությունների որոշակի քանակ (25.000 ստորագրություն):
Խորհրդարանում ներկայացված կուսակցությունների դեպքում պահանջվում է 1000 ստորագրություն: Վրաստանի ԿԸՀ-ն կուսակցությունների գրանցման գործընթացը սկսել է ապրիլի 1-ին: Այս ընթացքում գրանցման հարցով ԿԸՀ-ին դիմել է 62 կուսակցություն:
Կուսակցությունների գրանցման ժամկետն ավարտվում է օգոստոսի 14-ին: Կուսակցությունները պետք է իրենց թեկնածուների ցուցակը ԿԸՀ-ին ներկայացնեն սեպտեմբերի 8-ին: Խորհրդարանական ընտրություններին քվեարկելու իրավունք ունեցողների թիվը կազմել է 3.513.260 մարդ:









































