Մոլդովայի խորհրդարանի խոսնակ Իգոր Կորմանը խորհրդարանական փաստաբան Աուրելիա Գրիգորիուի՝ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հայտարարությունը համարել է կոպիտ սխալ: Ինչպես հաղորդում է Moldnews-ը, այս մասին Կորմանը հայտարարել է օմբուդսմենների հետ հանդիպումից հետո:
«Մենք չպետք է մեզ թույլ տանք նման հայտարարություններ, որոնք վնասում են Մոլդովայի հեղինակությանը և այլ պետությունների հետ հարաբերություններին: Դա հին հակամարտություն է Հայաստանի և Ադրբեջանի միջև, և նրանց հետ պետք է լավ հարաբերություններ հաստատել: Պետք է խուսափել հայտարարություններից, որոնք վնասում են նրանց հետ մեր հարաբերություններին: Այդ պատճառով ես բացահայտորեն խորհրդարանական փաստաբաններին ասել եմ, որ դա սխալ է եղել, կոպիտ սխալ, և նման բան չպետք է տեղի ունենա»,- ասել է Կորմանը:
Հիշեցնենք, որ հուլիսի 4-ին մոլդովացի օմբուդսմեն Աուրելիա Գրիգորիուն Հայաստանի Ազգային ժողովում տեղի ունեցած միջազգային խորհրդաժողովին Հայաստանն անվանել է ագրեսոր երկիր՝ հայտարարելով, որ «Հայաստանը գրավել է Ադրբեջանի տարածքների 20 տոկոսը՝ ադրբեջանցիների նկատմամբ իրականացնելով ցեղասպանություն»։








































