Մաքսային միությունում առանց ԼՂ-ի նախապայմանը խայտառակություն կլիներ Ղազախստանի և Նազարբաևի համար: Այսօր «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց Հայաստանի Քաղաքագետների միության ղեկավար, քաղաքագետ Հմայակ Հովհաննիսյանն՝ անդրադառնալով մամուլի հրապարակումներից մեկին, թե Մաքսային միությանն անդամագրվելու ճանապարհին Ղազախստանը նախապայմաններ է դնում Հայաստանի առջև:
Հմայակ Հովհաննիսյանն ասաց, որ այս նյութը, որը հղում է անում անանուն աղբյուրների վրա, մերկապարանոց է, այդպիսի բան չկա և չի կարող լինել: Ըստ նրա՝ ԵՄ Ասոցացման համաձայնագրի մաս կազմելու ՀՀ ղեկավարության ձգտումը պայմանավորված է ոչ թե ՀՀ ձգտումով ընդգծելու նվիրավածությունը ԵՄ-ին, այլ՝ լոյալությամբ, որն Արևմուտքը ցուցաբերեց 2008 թ. աննախադեպ արյունալի իրադարձությունների և դրան հետևած ձերբակալությունների ու հետապնդումների նկատմամբ։ Նաև 2013 թ. նախագահական ընտրություններում Արևմուտքի ակնհայտ աջակցությունը Սերժ Սարգսյանին պարտավորեցնում է վերջինիս ստորագրել Ասոցացման համաձայնագիրը: Քաղաքագետի խոսքերով՝ Սերժ Սարգսյանը դեռ երկու տարի առաջ, երբ փակվեց Մարտի մեկի արյունալի էջը, խոստում է տվել ԵՄ-ին և Արևմուտքին հրաժարվել Մաքսային միությանը մաս կազմելու հեռանկարից, Եվրասիական միությանը մաս կազմելու հեռանկարից և եվրատլանտյան կողմնորոշում որդեգրել:
«Անցած տարի նոյեմբերի 16-ին իր հարցազրույցով, որը տվել էր « Գոլոս Ռոսիի» ռադիոընկերությանը Սերժ Սարգսյանը, ՌԴ առաջին փոխարտգործնախարար Անդրեյ Դենիսովի խոսքերով, Հայաստանը որդեգրել է եվրատլանտյան կողմնորոշում: Նա նշել էր, որ իրենք դրանից ոգևորված չեն, բայց հաշվի են նստում դրա հետ: Հայաստանի մոտեցումները Արևմուտք թե Ռուսաստան դիլեմայի վերաբերյալ, Դենիսովի գնահատմամբ, էապես չեն տարբերվում Ուկրաինայի մոտեցումներից, բայց նաև ասում էր, որ Ուկրաինան չի հանդիսանում ՌԴ-ի ռազմաքաղաքական դաշնակիցը, ՀԱՊԿ անդամ չէ, ուստի թող որևէ մեկն այլևայլություններ թույլ չտա և նայի ճշմարտությանը բաց աչքերով: ՌԴ-ի համար ՀՀ-ի անդամակցությունը ԵՄ Ասոցացման համաձայնագրին դանդաղ գործողության ական է, որը դրվում է ՀԱՊԿ-ի տակ, որովհետև ՀԱՊԿ անդամ և ոչ մի պետություն ԵՄ ինտեգրման գործընթաց չի որդեգրել, այսինքն՝ Հայաստանի անդամակցությունը ԵՄ-ին ՌԴ-ն դիտարկում է, որպես աշխարհաքաղաքական աղետ իր համար, ձախողում: Ռուսաստանյան ինտեգրացիոն ծրագրերին հետխորհրդային կարևորագույն տարածաշրջանների ներկայացուցիչները միացել են: Արևմտյան տարածաշրջանից Բելառուսը, Միջին Ասիայից՝ Ղազախստանը, Ղրղզստանը, մնում է Հարավային Կովկասը: Եթե Հարավային Կովկասը ներկայացված չլինի Հայաստանով, Հարավային Կովկասն, ըստ էության, վեր է ածվում Մերձբալթյան տարածաշրջանի նման մի տարածաշրջանի ՌԴ-ի համար: Այսինքն՝ նմանվում է նման տարածաշրջանի, որը կտրվեց ՌԴ-ից քաղաքական և տնտեսական առումով: Ռուսաստանի համար հարցի գինը չափազանց մեծ է»,- մեկնաբանեց Հմայակ Հովհաննիսյանը:
Վերջինս նաև նշեց, որ ԼՂ-ն դե ֆակտո վերամիավորված է Հայաստանին, Հայաստանի ընտրությունը նաև ԼՂ ընտրությունն է՝ դրանից բխող հետևանքներով: «Եթե այսօր, երբ խոսվում է ԵՄ ճանապարհով գնալու անհրաժեշտության մասին և ՀՀ-ի մասնակցության անհրաժեշտության մասին Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու համաձայնագրին, և չի նշվում, թե Հայաստանը չունի ընդհանուր սահման ԵՄ-ի հետ, դա նշվում է այն ժամանակ, երբ Մաքսային միության մասին է խոսք գնում: Ռուսաստանի մոտ դժգոհություններ են առաջանում, երբ Հայաստանը երկակի ստանդարտներով է մոտենում այդ հարցին: Իսկ եթե Ղազախստանը նման նախապայման դրած լիներ, դա խայտառակություն կլիներ Ղազախստանի և Նազարբաևի համար»,- ասաց Հմայակ Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, որ մամուլի հրապարակման համաձայն, Հայաստանի՝ Եվրասիական միությանն անդամակցել-չանդամակցելու հարցն ամենևին պայմանավորված չէ եվրոպական արժեհամակարգին նվիրվածությամբ, ինչպես ներկայացնում են ՀՀ իշխանությունները: Ըստ նույն հրապարակման՝ Հայաստանը վաղուց անդամակցած կլիներ այդ կառույցին, եթե չլիներ Մաքսային միության, ավելի ճիշտ՝ այդ միության անդամ Ղազախստանի պահանջը, ըստ որի՝ Հայաստանը կարող է Մաքսային միությանը միանալ առանց Լեռնային Ղարաբաղի: «Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը պնդում է, որ եթե Հայաստանը դառնա Մաքսային միության անդամ, ապա Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև պետք է հաստատվի մաքսային հսկողություն, նույն ռեժիմով՝ ինչպես Իրանի կամ Վրաստանի միջև: Բնականաբար, Հայաստանը չի կարող համաձայնել նման անհեթեթ պահանջի, քանի որ դա ինչ-որ իմաստով նշանակում է կորցնել Լեռնային Ղարաբաղը: Մյուս կողմից, Հայաստանին Մաքսային միության կազմում տեսնել ցանկացող Ռուսաստանը չի ուզում հանուն Հայաստանի կորցնել այդ կառույցի առանցքային անդամ հանդիսացող Ղազախստանին»,- գրել է «168 ժամ» օրաթերթը:
Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի










































