Հարավկորեական Boeing 777-200-ի անձնակազմի հրամանատարը փորձել է երկրորդ պտույտը կատարել վթարից առաջ՝ վերջին ակնթարթներին: Այս մասին հայտնել է Տրանսպորտային անվտանգության ամերիկյան ազգային վարչության ղեկավար Դեբորա Հերսմանը՝ հիմնվելով Սան Ֆրանցիսկոյի ավիակարգավարների հետ օդաչուների խոսակցությունների ապակոդավորված ձայնագրությունների վրա: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Ստացված տվյալները հաստատել են Asiana Airlines ավիաընկերության թիվ 214 չվերթի ուղևորների վկայություններն այն մասին, որ վթարից վայրկյաններ առաջ օդաչուն փորձել է արագություն վերցնել՝ վայրէջքը դադարեցնելու և երկրորդ շրջան կատարելու համար: Հերսմանը նաև տեղեկացրել է, որ շուտով կհարցաքննվեն օդաչուները, որոնց ցուցմունքները լույս կսփռեն կատարվածի պատճառների վրա:
Սեուլից Սան Ֆրանցիսկո թռչող ինքնաթիռում եղել է 307 ուղևոր: Կոշտ վայրէջքի հետևանքով զոհվել են երկու 16-ամյա չինացի աշակերտուհիներ, տուժել է 182 մարդ, որոնցից 49-ի վիճակը գնահատվում է ծանր: Տուժածներից 6-ի վիճակը ծայրահեղ ծանր է:










































