Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ՀՀԿ ԳՄ նիստում Սերժ Սարգսյանն առաջարկել է Սյունիքի նոր մարզպետ նշանակել ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանին, ով նաև Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրեն Մաքսիմ Հակոբյանի որդին է:
«Առաջին լրատվական»-ը Սյունիքի մարզի Ագարակ համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանից հետաքրքրվեց, թե ինչ կարծիք ունի նորանշանակ մարզպետի մասին: Նա նշեց, որ շատ ուրախ է, որ մարզպետ է նշանակվել հենց Վահե Հակոբյանը: Նրա խոսքերով՝ կառավարությունն այդքան երկար մտածելուց հետո շատ ճիշտ որոշում է կայացրել․ «Եթե նայեք իմ ստացած քվեների քանակը, ապա ես ինձ իրավունք կվերապահեմ խոսել ամբողջ համայնքի անունից և կասեմ, որ շատ ուրախ ենք, որ Վահե Հակոբյանի նման անձնավորությունն է մարզպետ նշանակվել, նա, այսպես ասեմ, մեր մատից փուշ հանողն է եղել»։
Հարցին, թե բացի Վահե Հակոբյանից, կա՞ր ուրիշ որևէ մեկը, ով կցանկանային, որ մարզպետ նշանակվեր, մեր զրուցակիցը պատասխանեց․ «Ո՛չ, լավագույն տաբերակն էր»:
Զրուցեցինք նաև Լեռնաձոր գյուղական համայնքի ղեկավար Ստեփան Պետրոսյանի հետ, ով մարզպետի նշանակման մասին ասաց. «Շատ ուրախ ենք, որ նշանակվել է հենց Վահե Հակոբյանը։ Նախ՝ մեր հայրենակիցն է, հետո՝ շատ մոտիկից գիտենք և՛ իրեն, և՛ ընտանիքին, շատ ուրախ ենք, համենայնդեպս մեր համայնքը շատ մեծ ոգևորությամբ ընդունեց: Պատգամավոր եղած ժամանակ նրա հովանավորությամբ բավականին մեծ գործեր են արվել մեր համայնքում: Նա և իր հայրը, անընդհատ մեր գյուղերում, հատկապես՝ Լեռնաձորում ամեն ինչ անում են, ոչ մի ծրագիր առանց պատգամավոր Վահե Հակոբյանի չի եղել»:
Հարցին, թե իր կարծիքով՝ Սուրեն Խաչատրյանից ավելի լա՞վ մարզպետ կլինի, Ստեփան Պետրոսյանը պատասխանեց․ «Այդպիսի հարցը տեղին չէ։ Երկուսն էլ յուրովի, յուրաքանչյուրն ունի շատ լավ կողմեր, իհարկե՝ Սուրիկ Խաչատրյանն էլ շատ լավ կողմեր ուներ: Սուրիկ Խաչատրյանի՝ մարզի համար կատարած աշխատանքները մնացած մարզպետների հետ չես համեմատի, նրա նման ոչ մի մարզպետ չի աշխատել, հուսով եմ Վահե Հակոբյանն էլ կշարունակի:
Հետաքրքրվեցինք նաև, թե ինչ է կարծում, ո՞վ պետք է առաջադրվի թիվ 38 ընտրատարածքում Վահե Հակոբյանի փոխարեն։ «Ճիշտն ասած՝ չենք խորացել նման բաների մեջ, չեմ կարող ասել»,- պատասխանեց Ստեփան Պետրոսյանը:
Սյունիքի մարզի Դավիթբեկ գյուղական համայնքի անկուսակցական գյուղապետ Արտավազդ Հակոբյանը ևս «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում իր գոհունակությունը հայտնեց Վահե Հակոբյանին Սյունիքի մարզպետի պաշտոնում նշանակելու կապակցությամբ․ «Շատ լավ ենք վերաբերվում, շատ հարմար մարզպետ է մեզ համար»:
Հարցին՝ ավելի հարմար, քան Սուրիկ Խաչատրյա՞նն էր, մեր զրուցակիցը պատասխանեց. «Ես նման բան չասացի»:










































