Ոստիկանության Լոռու մարզի քննչական բաժնի պետի տեղակալ Նարեկ Օսյանը հաստատեց «Առաջին լրատվական»–ի տեղեկությունը, որ Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի վերաբերյալ Լոռու մարզի քննչական բաժնում նախապատրաստված նյութերի հիման վրա արդեն քրեական գործ է հարուցված:
Քրեական գործը հարուցվել է հունիսի 29-ին՝ Քր. օր.-ի 179 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (Յուրացնելը կամ վատնելը` պաշտոնական դիրքն օգտագործելով): Յուրացման գումարի չափը 220 հազար դրամ է: Քրեական գործը հարուցվել է մամուլի հրապարակման հիման վրա, ըստ որի` թատրոնի ղեկավարությունը նպատակային չի օգտագործել պետպատվեր ներկայացումների համար պետբյուջեից հատկացվող գումարները` յուրացնելով դրանք:
Այն հարցին, թե գործում կա՞ ներգրավված մեղադրյալ, քննիչը հրաժարվեց պատասխանել` պատճառաբանելով նախաքննության գաղտնիությունը: Մյուս հարցը` թատրոնի տնօրեն Հովիկ Չախմախչյանը գոնե կասկածվո՞ւմ է նշված հանցագործության կատարման մեջ, քննիչ Օսյանը նույնպես թողեց անպատասխան:
Լուսանկարը՝ iravaban.net-ի









































