Հուլիսի 6-ին ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում իր աշխատանքն է շարունակել «Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ» խորագրով իրավաբանների համահայկական երկրորդ համաժողովը, որը նվիրված էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ Սփյուռքում ձևավորված տարածաշրջանային հանձնախմբերի գործունեության իրավական հարցերի քննարկմանը:
Զեկույցով հանդես է եկել ՀՀ սահմանադրական դատարանի խորհրդական, Սահմանադրական իրավունքի կենտրոնի նախագահ Գևորգ Դանիելյանը, ՀՀ արդարադատութան նախարարի տեղակալ Եղիշե Կիրակոսյանը, «Արևմտահայերի ազգային կոնգրես»-ի նախագահ, միջազգային իրավունքի փորձագետ ֆրանսահայ Սուրեն Սերայդարյանը, միջազգային իրավունքի պրոֆեսոր արգենտինահայ Ռոբերտո Մալխասյանը, իրանահայ իրավաբան Ռիտա Ավետիսյանը, Ռուսաստանը ներկայացնող իրավաբաններ Կարեն ներսիսյանը, Սիմոն Ծատուրյանը և ոլորտի այլ մասնագետներ:
Քննարկվել են ցեղասպանության ենթարկվածների ժառանգների գույքային փոխհատուցման վերաբերյալ դատական ատյաններ անհատական և խմբակային կարգով հայցադիմումներ ներկայացնելու, իրավահաջորդության և պահանջատիրության ներկայացման այլ հարցեր:
Ամփոփելով համաժողովի աշխատանքները՝ ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը հայտարարել է, որ ստեղծվում է հատուկ հանձնախումբ՝ Հայոց ցեղասպանության հիմնախնդիրների իրավական թղթածրարն ամբողջականացնելու նպատակով:










































