2010-2012-ին Հայաստանի տնտեսության ճյուղերից ամենաշատն աճել է արդյունաբերությունը` միջինում տարեկան 9.9%: Ճգնաժամից հետո արդյունաբերությունը, ըստ վիճակագրակն տվյալների, արագ վերականգնվեց և այժմ գերազանցում է նախաճգնաժամային մակարդակը 23.5%-ով:
«Արդյունաբերության նշված աճը էապես պայմանավորված էր հիմնականում ճգնաժամից հետո համաշխարհային պահանջարկի վերականգնմամբ, կառավարության հակաճգնաժամային քաղաքականության լագային ազդեցության դրսևորմամբ, ինչպես նաև արտահանմանն ուղղված արդյունաբերական նոր քաղաքականությամբ»,- ասվում է 2014-2016թթ միջնաժամկետ պետական ծախսերի ծրագրում:
Արդյունաբերության աճին ամենամեծ նպաստումն է ունեցել մշակող արդյունաբերությունը` արդյունաբերության` վերը նշված 9.9% աճին նպաստելով 5.8 տոկոսային կետով, որին բացի նշված գործոններից նպաստել է նաև տնօրինվող եկամտի` միջինում 5.4% աճը: Հանքաարդյունաբերության ոլորտը հաջորդ մեծ` 2.6 տոկոսային կետով նպաստումն է ունեցել արդյունաբերության աճին և նշված ժամանակահատվածում արձանագրել է բարձր աճի ցուցանիշը` միջինում 17.8%: Էլեկտրաէներգիայի արտադրությունը սկսել է աճի ցուցանիշներ արձանագրել 2011 թվականից` պայմանավորված ՋԷԿ-երում իրականացված խոշորածավալ ներդրումներով և Իրանի իսլամական հանրապետություն արտահանման ծավալներով:
«Արդյունաբերության ճյուղում ավելացված արժեքի աճը ակնկալվում է, որ տարեվերջին իրական արտահայտությամբ կկազմի առնվազն 9.3 տոկոս, իսկ 2014-2016 թվականներին կդրսևորի միջինում 9.4 տոկոս աճ, որը համահունչ կլինի հանքարդյունաբերության ոլորտում և մշակող արդյունաբերության մի շարք ենթաճյուղերում ներդրումների աճին, բնակչության տնօրինվող եկամուտների կանխատեսվող աճի պայմաններում ներքին պահանջարկի աճին և վերջապես արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականությանը: Արդյունաբերության միջնաժամկետ կանխատեսման համար հիմք է հանդիսացել համաշխարհային պահանջարկի աճի վերաբերյալ միջազգային կազմակերկությունների գնահատականները, ինչպես նաև ՀՀ կառավարության կողմից տնտեսական խթանմանն ուղղված պետական կարգավորման միջոցառումների վերաբերյալ գնահատականները»,- ասվում է միջնաժամկետ ծախսերի ծրագրում:









































