Հանրապետության մի շարք շրջաններում ծիրանն արդեն հասել և մթերվել է գործարանների կողմից, սակայն կան գյուղեր, որտեղ այն դեռևս չի հասել: Կոտայքի մարզի Մրգաշեն և հարակից գյուղերում դեռևս ծիրանը ծառերին է, և բերքահավաքը չի սկսվել: «Առաջին լրատվական»-ը զրուցեց Մրգաշենի գյուղապետ Արամայիս Արամյանի հետ, ով մեզ տեղեկացրեց, որ դեռևս մրգի մթերման համար պատվիրատու չունեն։ «Տալիս ենք նրան, ով կուզի: Անցյալ տարի, օրինակ, «Սպայկան» տարավ, անհատներ էլ են տանում»,- ասաց նա:
Գյուղապետը տեղեկացրեց, որ գյուղի բերքը ցրտահարված կամ կարկտահարված չէ, սակայն ծառերի կեսից ավելին հիվանդ են, ծիրանի վրա խիտ խալեր կան, գյուղացիներն այդ հիվանդությանը, «փոս» են անվանում:
Խոսելով գյուղացիների բողոքների մասին, Ա. Արամյանն ասաց, որ մթերքն արտահանելու համար մաքսատանը հայկական կողմից շատ են գանձում. «Եթե գյուղացին ուզում է իր բերքը հայ-վրացական մաքսատնով անցկացնել, ստիպված է կգ-ի համար 100-150 դրամ վճարել, իսկ մթերքը վաճառել 50 դրամով: Այդ հարցը վերջապես պետք է լուծում ստանա, որովհետև ժողովուրդը շվարած-կանգնած է»:
Նա մեզ փոխանցեց նաև, որ արդեն սկսում են Ռուսաստան արտահանելու համար ծիրանը հավաքել, սակայն մաքսատան հարցը չլուծելու դեպքում պատրաստ են գյուղի ծառերը արմատից կտրել. «Եթե էսպես շարունակվի, քոքից կարելի է ծառերը հանել, տեղը արոտավայր դարձնել, մի քիչ շատ կով պահել և եկամուտ ստանալ, քան թե մաքսատանն այսքան հարկ տալ, որովհետև մենք ընդհանրապես օգուտ չենք ստանում»:
Ներքին շուկայում, ինչպես փաստեց գյուղապետը, ծիրանը վերցնում են 50, 27, 20 դրամով, մի քանի ընկերություն է, որ 400 դրամով է վերցնում, բայց այդպիսի ծիրան շատ քիչ կա Մրգաշենում. «Եթե գործարանը նորմալ գնով վերցներ, կարելի էր ամբողջը թափ տալ և տալ գործարանին: Իմաստ չունի ծիրան քաղել, միայն տանջանքն է մեզ մնում»:









































