Աֆրիկյան միությունը կասեցրել է Եգիպտոսի անդամակցությունը կազմակերպությանը:
«Աֆրիկյան միության անվտանգության և խաղաղության խորհուրդը որոշել է դադարեցնել Եգիպտոսի անդամակցությունը Աֆրիկյան միությանը մինչև այնտեղ սահմանադրական կարգուկանոնի հաստատումը»,- լրագրողներին ասել է խորհրդի քարտուղար Ադմոր Կամբուձին, որի խոսքերը մեջբերում է Reuters-ը:
Ավելի վաղ Աֆրիկյան միության աղբյուրը ԶԼՄ-ներին հայտնել էր, որ իր անդամ երկրներից որևէ մեկում ոչ սահմանադրական փոփոխությունների դեպքում այդ երկրի անդամակցությունը կկասեցվի:
Հիշեցնենք, Եգիպտոսի բանակը չորեքշաբթի երեկոյան հայտարարեց, որ Մուհամմադ Մուրսին այլևս նախագահ չէ, իսկ ավելի ուշ հաստատեց նրա ձերբակալության փաստը: Երկիրը ժամանակավորապես գլխավորում է Սահմանադրական դատարանի նախագահ Ադլի Մանսուրը: Եգիպտոսի պաշտպանության նախարար Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսին ժողովրդին ուղղված հեռուստաուղերձում հայտարարել է, որ երկրում կանցկացվեն արտահերթ նախագահական ընտրություններ:








































