ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչին հանձնարարել են կազմակերպության Պատժամիջոցային կոմիտեին առաջարկել հետաքննել Լիբիայից Սիրիա զենքի հնարավոր մատակարարումները՝ հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
«Եթե այդ փաստերը հաստատվեն, ապա խոսքը կառնչվի Լիբիայի հարցով ՄԱԿ ԱԽ բանաձևերով սահմանվող էմբարգոյի կոպիտ խախտմանը: Այդ իսկ պատճառով Նյու Յորքում մեր մշտական ներկայացուցչին տրվել է ցուցում՝ համապատասխան առաջարկներ անել այդ կոմիտեում այն հրապարակումների հիման վրա, որոնք բացահայտել են Լիբիա և Լիբիայից դուրս մատակարարումների էմբարգոյի պահպանման շուրջ խնդիրների մի ողջ բլոկ»,- ասել է Լուկաշևիչը:
Ռուսաստանի ԱԳՆ-ում տագնապով ուշադրություն են դարձրել արտասահմանյան հեղինակավոր New York Times թերթի և Reuters գործակալության հրապարակումներին, որոնք վերաբերում են Կատարի և Թուրքիայի միջոցով Լիբիայից սիրիացի զինված ընդդիմադիրներին զենքի մատակարարումներին:










































