Սահմանադրական դատարանի անդամ, պրոֆեսոր Ֆելիքս Թոխյանը ցավ է ապրում, որ Սահմանադրության օրը՝ որպես տոն, Հայաստանում պատճաշ չի նշվում: Սա, ըստ նրա, առաջին կարևոր խնդիրն է, որին իշխանությունը պետք է առավել ուշադիր լինի, որպեսզի հասարակությունը Սահմանադրությունը ընկալի ոչ թե որպես իրավական փաստաթուղթ, այլ որպես կենդանի իրավունք:
Ֆելիքս Թոխյանի խոսքով՝ երկրում անհրաժեշտ է անհապաղ իրականացնել սահմանադրական փոփոխություններ, ինչի մասին ինքը մի քանի տարի է՝ խոսում է: Նա նշեց, որ սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտության մասին իրենց դրական կարծիքն են հայտնել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը. ՍԴ-ն վերջին տարիներին կայացրել է առնվազն չորս որոշումներ, որոնցում ուղղակիորեն նշվում է սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտությունը:
Ըստ բանախոսի՝ Սահմանադրությունը, որպես բարձրագույն արժեք, լիարժեք չի գործում՝ թե՛ 95-ի Սահմանադրությունը, թե՛ 2005-ի սահմանադրական փոփոխությունները, թե՛ 2003-ի ձախողումը, որի մասին ոչ ոք չի խոսում: Դա պայմանավորված է հասարակական տարբեր խմբերի միջև անհրաժեշտ կոնսենսուսի բացակայությամբ: Այսինքն՝ Սահմանադրությունը առայժմ չի դիտվում որպես հասարակության բոլոր սոցիալական խավերի միջև իշխանության և ազատության միջև բալանսն արձանագրող շատ կարևոր փաստաթուղթ: Սա է, ըստ նրա, պատճառը, որ հասարակությունը առայժմ չի ընդունում Սահմանադրությունը՝ որպես իր իրավունքների հիմնական փաստաթուղթ:
Ֆելիքս Թոխյանի համոզմամբ՝ այսօր մեր երկիրը դանդաղ է զարգանում, քան պետք է, և մենք այս ընթացքում կորցնում ենք ժամանակը,, մինչդեռ սահմանադրական փոփոխություններով մենք կարող ենք մեծագույն թռիչք ապահովել՝ և՛ տնտեսական, և՛ քաղաքական համակարգի զարգացման: «Սահմանադրական փոփոխություն պետք է կատարենք ոչ թե ուրիշների համար, այլ յուրաքանչյուրիս համար, որպեսզի արագորեն բարելավենք մեր կյանքը»,- ասաց բանախոսը:
Նրա խոսքով՝ Սահմանադրության մեջ կան մի շարք ոլորտներ, որոնք պետք է փոփոխել, նախ՝ դատական իշխանության անկախությունը: Ըստ նրա՝ թեև քսան տարի է՝ երկրում գործում է Սահմանադրությունը, բայց մենք դեռ չենք ձևավորել անկախ, անաչառ դատական համակարգ:
Հաջորդ խնդիրը սեփականության պաշտպանության խնդիրն է, դատարանում այդ սեփականությունը կամ ընդհանրապես չի պաշտպանվում, կամ պաշտպանվում է հայավարի:
Հաջորդը ՏԻՄ համակարգի փոփոխությունն է. քսան տարի է՝ Հայաստանում չի կայացել այս համակարգը, ունենք պետական հզոր տարածքային կառավարում, բայց այն մարմինը, որ պետք է մեր հարցերը լուծի, այսօր անկատար է:
Ըստ բանախոսի՝ մեր վարչատարածքային բաժանումն իրեն չի արդարացնում, և հենց այստեղ էլ նկատվում է փոփոխության անհրաժեշտություն: Խոսելով Երևանի ավանագու վերջին ընտրություններից՝ նա նշեց, որ 65 ավագանին կրկնակի շատ է, քան պետք է:
Նա նշեց, որ ինքը ոչ թե լայնամասշտաբ փոփոխությունների կոչ է անում, քանի որ նման շռայլություն չենք կարող թույլ տալ, բայց երկու-երեք տարվա մեջ կարող ենք փոփոխություններ իրականացնել. «Մենք պետք է ունենանք կոմպետենտ պառլամենտ»:
Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի










































