Մոսկվայի Քրեական հետախուզության աշխատակիցները մայրաքաղաքում ձերբակալել են «օրենքով գողի», որը քրեական շրջանակներում հայտնի է որպես Վալերա Թբիլիցի: Ներկայում նրան Վրաստան արտաքսելու համար փաստաթղթեր են պատրաստվում: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը՝ հղում անելով Մոսկվայի Քրեական հետախուզության մամլո ծառայությանը:
Քրեական հեղինակությունը ձերբակալվել է «Պատնեշ» օպերացիայի շրջանակներում անցկացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների ժամանակ:
Գերատեսչության տվյալներով՝ Վալերի Ֆարիզովը Մոսկվայում կազմակերպել և ղեկավարել է էթնիկ հանցավոր խմբեր, որոնք զբաղվել են կողոպուտով, թալանով ու շորթմամբ:
Նախկինում նա բազմիցս դատվել է առանձնապես խոշոր չափի թմրանյութեր ապօրինի ձեռք բերելու, պահելու և տեղափոխելու համար:
Բացի այդ, նա Ռուսաստանի քաղաքացիություն չունի, իսկ ռուսական անձնագիրը ստացել է 2004 թվականին՝ սահմանված կարգի խախտմամբ:











































