Տեր Հուսիկ քահանա Լազարյանը 90-ականներին ամենաազդեցիկ քաղաքական և պետական գործիչներից էր: 92-ից ղեկավարել է ՀՀՇ վարչությունը. 90-ից մինչև 99 թվականը ԳԽ և ԱԺ պատգամավոր է եղել: Հետագայում դադարեցրել է հրապարակային գործունեությունը: Այդ տարիների մասին չի խոսում: Ասում է միայն, որ բիզնես նպատակներով հաճախ է մեկնել Թուրքիա: «Հրապարակ»-ը զրուցել է Տեր Հուսիկ քահանայի հետ:
– Դուք երկար ժամանակ լռել եք: Ինչո՞ւ հիմա որոշեցիք խոսել:
– Մտածում էի, որ ավելի խելոք մարդիկ կան, երիտասարդ, որոնք լուծումներ են առաջարկում. չէի ուզում ցցվել, առաջ գալ. մտածում էի չխանգարել, եթե հատուկ ասելիք չունեմ: Քննարկումներին մասնակցում էի, բայց աշխատում էի հրապարակային հարթակներից դուրս մնալ: Բայց այսօր հասունացել է քայլ անելու ժամանակը: Թեև էլի չեմ տառապում ամբիցիաներով. գուցե ոչինչ էլ չփոխեմ, բայց կանեմ քայլ: Ինչ կլինի հետո, ժամանակը ցույց կտա:
– Ի՞նչ քայլի մասին է խոսքը:
– Անկեղծ ասած, ես ուզում եմ, և դա շուտով կերևա, մի նախաձեռնությամբ հանդես գալ, որն ուղղված կլինի անհանդուրժողականության, մերժողականության և հատվածականության դեմ, որը կփորձի կամուրջ գցել մարդկանց, հասարակության տարբեր շերտերի, տարբեր ազգերի և ժողովուրդների միջև:
– Կարելի՞ է հասկանալ, որ Դուք կուսակցություն եք բացելու:
– Ոչ, իմ հիմնական շեշտադրումը քաղաքացիական հասարակության վրա է, որը վեր կլինի կուսակցականությունից: Մեր նեղ մտածելակերպն է խանգարում քաղաքացիական հասարակության ձևավորմանը: Շատ բաներ կան, որ մերոնք անգամ քննարկման չեն դնում: Ինչո՞ւ մենք հանդուրժո՞ղ չենք: Որովհետև չենք կարողանում հարգել և լսե՞լ ուրիշի կարծիքը: Մեր բանավեճերը վերածվում են կռվի, անձնական վիրավորանքի: Մենք պետք է սովորենք հարգել միմյանց և բանավիճել գաղափարների, ոչ անձերի շուրջ:
– Դուք մասնակցե՞լ եք ՀԱԿ շարժմանը, կապերը ՀՀՇ-ի հետ պահպանե՞լ եք:
– Ես ՀՀՇ անդամ եմ, այն մարդկանցից եմ, ովքեր դեմ էին ՀՀՇ-ի լուծարմանը, և հիմա էլ դեմ եմ: Ավելին ասել չեմ ուզում:
– Դուք այն ժամանակ էլ մամուլի հետ չէիք շփվում, հիմա հանդուրժողականության դիրքերից եք հանդես գալիս: Ինչպե՞ս եք կառուցելու Ձեր հարաբերությունները մամուլի հետ:
– Ապաշխարում եմ: Ավելին չասեմ: Մեղք չունեցող մարդ չկա: Ես մեղքերից չեմ հրաժարվում, բայց իրավունք ունեմ ապաշխարելու և իմ ճանապարհը գտնելու: Գուցե սա համարենք ապաշխարանքի ճանապարհի սկիզբ: Չեմ ուզում անցյալը բեռ դառնա, ոչ էլ հրաժարվում եմ իմ անցյալից, ես դրանից դասեր եմ քաղել. ինչ դասեր՝ հասարակությունն ապագայում կտեսնի:
Շարունակությունը կարդացեք «Հրապարակ»-ի այսօրվա համարում:









































