Հուլիսի 3-ին Եգիպտոսի պաշտպանության նախարար գեներալ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսսին հայտարարեց, որ երկրում առաջին ժողովրդավարական ընտրություններով ընտրված Մուհամմադ Մուրսին այլևս երկրի նախագահ չէ, և կասեցրեց գործող սահմանադրությունը: Մուրսիի շտաբն այդ հայտարարությունը որակեց որպես «իսկական ռազմական հեղաշրջում»: Այս տեսակետը չի կիսում, սակայն, ԱՄՆ-ում Եգիպտոսի դեսպան Մուհամմադ Թաուֆիկը, որից բացառիկ հարցազրույց է վերցրել Foreign Policy-ն:
«Դա ոչ թե զինվորականները սկսեցին, այլ դա ժողովրդական ապստամբություն էր,- ասել է Թաուֆիկը,- Պետք է հասկանալ, որ Մուբարաքի տապալումից անմիջապես հետո Եգիպտոսի բոլոր խմբակցությունները բանակից խնդրեցին կառավարել երկիրն անցումային շրջանում, իսկ վերջինս կամավոր հրաժարվեց իշխանությունից, ինչը ակնհայտորեն ցույց է տալիս, որ այն (բանակը-1in.am) քաղաքական դերակատարություն ստանալու շահագրգռվածություն չունի»:
Այն հարցին, թե արդյոք իրական իշխանություն կունենա նախագահի լիազորությունները ժամանակավոր ստանձնած Սահմանադրական դատարանի նախկին նախագահ Ադլի Մանսուրը, թե այն կպատկանի զինվորականներին, Թաուֆիկը պատասխանել է, որ «անկասկած, նա կունենա բոլոր լիազորությունները»:
«Եգիպտացի ժողովուրդը կատարել է իր ընտրությունը. ավելի քան 10 միլիոն մարդ դուրս եկան փողոց ոչ միայն Կահիրեում, այլև գործնականում երկրի բոլոր խոշոր քաղաքներում,- ասել է դեսպանը:- «Մուսուլման եղբայրները», եգիպտացի ժողովրդի կամքին ենթարկվելու փոխարեն որոշեցին մոբիլիզացնել իրենց որոշ համախոհների և ավելի սրել իրավիճակը: Բանակին ոչինչ չէր մնում, քան միջամտել»:
Դիվանագետի կարծիքով, «ԱՄՆ-ը բացարձակապես որևէ կապ չունի եգիպտացի ժողովրդի որոշման հետ»: Նա նաև ցանկություն է հայտնել, որպեսզի ԱՄՆ-ը աջակցություն հայտնի Եգիպտոսում ժողովրդավարության անցման գործընթացին:
Թաուֆիկը եգիպտական բանակը բնութագրել է որպես համազգային, պրոֆեսիոնալ և սոցիալական լայն բազա ունեցող ուժ. դրանում, նրա խոսքով, «ներկայացված են հանրության բոլոր շերտերը, և այն մեծ հարգանք է վայելում»:
Ըստ նրա, գեներալ Ալ-Սիսին «իրեն դրսևորել է որպես խելամիտ և եռանդուն ռազմական առաջնորդ, և նրան նույնպես շատ են հարգում»:
Այն հարցին, թե երբ նորից ուժի մեջ կմտնի սահմանադրությունը, դիվանագետը որևէ ժամկետ չի նշել, սակայն ենթադրել է, որ կկազմվի համընդհանուր հանձնաժողով, որը կաշխատի սահմանադրության ուղղումների վրա:
Անդրադառնալով արտաքին քաղաքականության հարցին, դեսպանն ասել է, որ ոչ մի պատճառ չի տեսում, որ երկրում տեղի ունեցող իրադարձությունները կարող են որևէ կերպ անդրադառնալ Իսրայելի հետ հարաբերություններին: Սիրիայի վերաբերյալ նա ասել է. «Մենք խաղաղություն ենք ցանկանում Սիրիայում, որպեսզի այն ժողովրդավարության անցնի և որպեսզի միասնական մնա: Մենք նաև ցանկանում ենք, որպեսզի սիրիացի ժողովուրդը հաճույք ստանա ժողովրդավարության ալիքից, որն այժմ ընդգրել է ամբողջ տարածաշրջանը»:









































