Ռումինիայի հատուկ ծառայությունները կիրառում են ուսուցիչների և աշակերտների գաղտնալսման համակարգ՝ դպրոցներում քննությունների ժամանակ արտագրումների ու կոռուպցիայի դեմ պայքարի համար: Այս մասին հայտնում է «Գոլոս Ռոսիի» ռադիոկայանի կայքը:
ԶԼՄ-ների տեղեկություններով՝ Բուխարեստի վարժարաններից մեկի շենքում տեղադրված գաղտնալսող սարքերը թույլ են տվել ի հայտ բերել դրամաշորթ մանկավարժների:
Պարզվել է, որ կաշառքի դիմաց որոշ աշակերտներ քննությունների ժամանակ հասանելիություն են ստացել համացանցին, որտեղից էլ ներբեռնել են հարցերի պատասխանները: Հետաքննության ընթացքում անցկացված խուզարկությունները տվել են առաջին արդյունքները՝ վարժարանի տնօրենը հեռացվել է պաշտոնից ու ձերբակալվել, իսկ սովորողներից հավաքված գումարները հայտնաբերվել են ուսուցիչներից մեկի մոտ:
Իշխանությունների պայքարն անսպասելի հետևանքների է հանգեցրել: Այն բանից հետո, երբ լսարաններում տեսահսկման խցիկներ հայտնվեցին, արդեն երկրորդ տարին անընդմեջ Ռումինիայում աշակերտների ավելի քան կեսը ձախողվում է բուհական ընդունելության քննություններին:









































