Եգիպտոսի ընդդիմության ներկայացուցիչ՝ Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալության նախկին ղեկավար Մուհամադ Ալ-Բարադեյը հանդիպում է Եգիպտոսի պաշտպանության նախարար, բանակի գլխավոր հրամանատար Աբդելֆաթահ Ալ-Սիսիիի հետ: Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, հանդիպման ընթացքում նա նախատեսում է եգիպտացի զինվորականներին կոչ անել միջամտել հակամարտությանը:
«Հանդիպման ընթացքում Ալ-Բարադեյը բանակին կոչ կանի միջամտել, որպեսզի դադարեցվի արյունահեղությունը»,- մեջբերում է գործակալությունը ընդդիմության աղբյուրի խոսքը:
Միևնույն ժամանակ Եգիպտոսի բանակը բերվել է բարձր մարտական պատրաստականության՝ զինվորականների կողմից երկրի քաղաքական ուժերին ներկայացրած վերջնագրի ժամկետի ավարտից մի քանի ժամ առաջ:
Հիշեցնենք, որ երկուշաբթի Եգիպտոսի ԶՈւ հրամանատարությունը գործող իշխանությունների կողմնակիցներին և հակառակորդներին կոչ է արել 48 ժամվա ընթացքում պայմանավորվածություն ձեռք բերել քաղաքական ճգնաժամի կարգավորման շուրջ: Պետության ղեկավարը մերժել է զինվորականների վերջնագիրը:









































