Քլիվլենդում (Օհայո) անցկացված ԱՄՆ Հանրապետական կուսակցության ազգային կուսակցական համագումարի պատվիրակները պաշտոնապես հաստատել են միլիարդատեր Դոնալդ Թրամփին որպես նախագահական ընտրությունների միասնական թեկնածու։ Այս մասին հայտնում է NTV-ն։
Փրայմերիզների ժամանակ Թրամփն արդեն ստացել էր պատվիրակների բացարձակ մեծամասնության աջակցությունը։ Հատկանշական է, որ համագումարը բոյկոտել են կուսակցական ծանրքաշայինները։ Չեն եկել ո՛չ Միթ Ռոմնին (2012-ի նախկին թեկնածու), ո՛չ Բուշի դինաստիայի ներկայացուցիչները։
Հանրապետական կուսակցությունում Թրամփի թեկնածության առաջադրման հակառակորդները ոչ մի կերպ չեն կարողացել դրան խոչընդոտել։ Ըստ կանոնների՝ պաշտոնական թեկնածուների հաստատման համար բավական է պատվիրակների ձայների պարզ մեծամասնությունը (1237՝ 2472 հնարավորից)՝ փոխանցում է TASS գործակալությունը։
Թրամփը դեռ պետք է տա իր համաձայնությունը, որ նոյեմբերին կմասնակցի ընտրություններին։ Սպասվում է, որ նա կհայտարարի այդ մասին Քլիվլենդում ընթացող համագումարի վերջին օրը՝ հուլիսի 21-ին։











































