«Մենք ունենք մի հետաքրքիր իրավիճակ, երբ մի կողմից՝ ներկայացված են փաստեր, մյուս կողմից՝ պետք է փաստերով պատասխանել: Գլխավոր խնդիրը պետք է լինի այն, որ նաև մյուս կողմը կարողանա փաստեր և հիմքեր ներկայացնել, թե ինչ է տեղի ունեցել»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը՝ անդրադառնալով օֆշորային սկանդալին:
Նրա խոսքով՝ կարևոր է իրավական տեսանկյունից լսել, թե ինչպես է տեղի ունեցել, ինչպես են գրանցվում կազմակերպությունները և այլն:
Թևան Պողոսյանը անդրադարձավ նաև ՎՊ հաշվետվությանը: Նրա խոսքով՝ ՎՊ-ն իրականում սկսել է բարձրաձայնել հարցեր ու խնդիրներ, ինչը ողջունելի է, նաև լավ հնարավորություն է՝ գործադիր մարմնի ինստիտուտներին ներկայացնելու և ապացուցելու, թե որքանով են մեղադրանքները համապատասխանում իրականությանը: Արդյունքում, ըստ նրա՝ նոր մակարդակի քննարկումների խնդիր է առաջանում:
«ԱԺ-ի համար լավագույն հնարավորությունն է վերահսկողական ֆունկցիայի շրջանակներում հետևողական լինելու»,- ասաց բանախոսը:
Թևան Պողոսյանի խոսքով՝ այսօրվա կառավարությունը և իշխանությունները պետք է փոխվեն, քանի որ հանրությունը չի ցանկանում իրենց կառավարման մոդելով ապրել, և նոր մարդկանց երևան գալու ժամանակն է:
Թևան Պողոսյանը համաձայնեց մեր այն դիտարկմանը, որ որքան վստահության դեֆիցիտ կա իշխանության, նույնքան էլ ընդդիմության նկատմամբ. «Ցավոք սրտի, մենք արժեքային և ինստիտուցիոնալ փոփոխությունների շրջանակներում դեռ անցնում ենք զարգացման փուլ: Հաջորդ ընտրությունների շրջանը կլինի ավելի հետաքրքիր, քանի որ սերնդափոխություն կլինի, և շատ ու շատ երիտասարդներ կկարողանան առաջ գալ»,- ասաց նա:
Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի










































