Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հայտարարել է, որ Աբխազիայի միջով երկաթուղին անպայման կվերականգնվի, սակայն ներկայում դեռևս վաղ է քննարկել այս հարցը, հաղորդում է RIA Novosti-ն:
«Իհարկե, ճանապարհը պետք է բացվի, և այն կբացվի: Այդ ճանապարհը կլավացնի հարաբերություններն աբխազացիների հետ և կբարելավի տնտեսությունը: Սակայն, ցավոք սրտի, շատ հաճախ, այն, ինչ լավ է տնտեսության համար, վատ է քաղաքականության համար» ,- ասել է վարչապետը:
Իվանիշվիլիի խոսքերով՝ երկաթուղու վերականգնումը պետք է տեղի ունենա այն ժամանակ, երբ այդ հարցն իրարանցում չի առաջացնի:
Աբխազիայի միջով երկաթուղային հաղորդակցությունը դադարել է 1992-1993 թթ. վրաց-աբխազական զինված հակամարտության հետևանքով: 2012 թ. հոկտեմբերի վերջին Վրաստանի վերաինտեգրման հարցերով նախարար Պաատա Զաքարեիշվիլին առաջին անգամ հայտարարեց, որ Վրաստանի իշխանությունները պատրաստ են վերականգնել երկաթուղային հաղորդակցությունը Վրաստանի հետ:









































