Գազայի հատվածի մոտ եգիպտական զորքերի կենտրոնացումը տեղի է ունենում Իսրայելի գիտությամբ և հավանությամբ, որը ողջունում է տարածաշրջանում արմատական տարրերի դեմ պայքարը: Այս մասին Ria Novosti-ին հայտարարել է Իսրայելի զինուժի ներկայացուցիչը:
Ականատեսների խոսքերով՝ եգիպտացիները զրահատեխնիկա են կանգնեցրել պաղեստինյան անկլավի հետ սահմանին, որը վերջին տասնամյակների ընթացքում հսկում էին փոքր թվով ոստիկաններ՝ զինված թեթև հրազեններով:
«Մեզ հայտնի է Սինայի թերակղզում եգիպտական զորքերի տեղաշարժի մասին: Նրանց բոլոր գործողությունները ուղղված են այն տարրերի դեմ պայքարին, որոնք սպառնում են տարածաշրջանի կայունությանը; Այդ գործողությունները համաձայնեցվել են մեզ հետ և հավանության արժանացել Իսրայելի բարձրագույն ռազմական հրամանատարության կողմից»,- ասել է գործակալության զրուցակիցը:









































