News Georgia լրատվական գործակալության փոխանցմամբ` Վարշավայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում առաջին անգամ առանձին փաստաթուղթ կընդունվի ՆԱՏՕ-ի ու Վրաստանի համագործակցության մասին: Այդ մասին հայտարարել է Վրաստանի եվրոպական ու եվրատլանտյան ինտեգրման հարցերով պետնախարար Դավիթ Բաքրաձեն:
Նրա խոսքերով` գագաթնաժողովի ժամանակ ֆիքսելու են այն, որ Վրաստանն ունի գործնականում բոլոր գործիքները, որպեսզի նախապատրաստվի անդամակցությանը.
«Կարևոր է նաև այն, որ առաջին անգամ գագաթնաժողովի շրջանակներում տեղի կունենա ՆԱՏՕ-Վրաստան հանձնաժողովի նիստ և կարևոր է, որ գագաթնաժողովի շրջանակներում առաջին անգամ կարվի համատեղ հայտարարություն, որը կանի ՆԱՏՕ-Վրաստան հանձնաժողովը: Դա կլինի ծավալուն առաջին փաստաթուղթը»:
Բաքրաձեն պարզաբանել է, որ Վրաստանի հարցը տեղ կգտնի գագաթնաժողովի ամփոփիչ կոմյունիկեում, սակայն սա կլինի առանձին փաստաթուղթ:











































