Թուրքական Son dakika լրատվական կայքի փոխանցմամբ` Իրանի Ահվազ քաղաքի մոտ գտնվող նավթաքիմիական համալիրում վերստին հրդեհ է բռնկվել: Այդ մասին հայտնել է իրանական Tasnim կիսապետական լրատվական գործակալությունը:
Վերջինիս հաղորդմամբ` համալիրը տարեկան արտադրում է մոտ 25 միլիոն տոննա նավթաքիմիական արտադրանք, և հրդեհը կարող է նվազեցնել այդ ցուցանիշը:
Որպես հրդեհի բռնկման պատճառ է նշվում վառելանյութի արտահոսքը, սակայն «Ահվազի բազեներ» կազմակերպությունն իր ինտերնետային կայքում հայտարարություն է տարածել, որում նշել է, որ ինքն է հարձակում իրականացրել նավթաքիմիական համալիրում:
Հայտարարության մեջ կազմակերպությունը նշել է, որ իր թիրախում շարունակելու է գտնվել Իրանի տնտեսությունը: Ընդգծվում է, որ կազմակերպությունում մեծ թիվ են կազմում արաբական արմատներով Իրանի քաղաքացիները:









































