«Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության տնօրեն Վիկտոր Ռեբեցն Իրանում քննարկել է Իրան-Հայաստան երկաթուղու հարցը, որի մասին հաղորդագրություն է տարածվել լրատվամիջոցներով: Մի քանի օր առաջ, Հայաստանում Իրանի դեսպանը լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել էր, որ Իրան-Հայաստան երկաթուղու հարցում Թեհրանը սպասում է Երևանի նախաձեռնությանը; Երևանի փոխարեն նախաձեռնություն, փաստորեն, ցուցաբերում է Մոսկվան: Համենայնդեպս, «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերությունը, որ կառավարում է Հայաստանի երկաթուղին, հանդիսանում է «Ռուսաստանի երկաթուղիներ» ընկերության ստեղծած ձեռնարկությունը: Այսինքն, Երևանից առաջ է ընկնում Մոսկվան: Սա ընդհանրապես խորհրդանշական է հայ-իրանական հարաբերությունների համար: Մոսկվան միշտ առաջ է ընկել Երևանից և, ըստ էության, թույլ չի տվել, որ Հայաստանն ինքնուրույն հարաբերություններ կառուցի Իրանի հետ, Իրանը դարձնի լիարժեք այլընտրանքային տնտեսական գործընկեր:
Բոլոր հայ-իրանական խոշոր նախագծերի մեջ Մոսկվան ներթափանցել է և բարեհաջող արգելակել դրանք՝ սկսած նավթամթերային համագործակցության հեռանկարից, վերջացրած էներգետիկայով, մասնավորապես՝ հայ-իրանական գազամուղով: Ի դեպ, Իրանի դեսպանը նաև այդ ոլորտների վերաբերյալ էր վերջերս աղմկոտ հայտարարություններ արել Երևանում: Դրանից հետո Հայաստանը կատարեց մի քայլ, որը կարծեք թե վկայում էր Իրանի հնչեցրած դիտողությունների ընդունման ու հարաբերություններում նախաձեռնողականության դրսևորման մասին: Ազգային ժողովում ընդունվեց մոտ մեկ տարի քնած հարկային ու մաքսային արտոնությունների մասին նախագիծը, որը վերաբերում էր Իրանի հետ բարձրավոլտ էլեկտրագիծ կառուցելու ծրագրին: Սույնով նաև անմիջական ազդեցություն կարող է լինել իրանական գազի մատակարարման հարցում, քանի որ գազի դիմաց Հայաստանը վճարելու է էլեկտրաէներգիայով: Ըստ ամենայնի՝ Հայաստանի այս արձագանքը Մոսկվայի մոտ մտավախություններ է առաջացրել, որ միգուցե Երևանը նախաձեռնողական լինի նաև երկաթուղու շինարարության հարցում, առավել ևս, որ կարծեք թե այս առումով նպաստավոր աշխարհաքաղաքական իրավիճակ է ստեղծվում Իրանում նախագահական ընտրությունների արդյունքներից հետո: Հիշեցնենք, որ այնտեղ հաղթել էր բարեփոխիչ Ռոուհանին, ինչը կարող է թուլացնել Արևմուտք-Իրան հարաբերության կարծրությունն ու լարվածությունը:
Այս կոնտեքստում, հայ-իրանական հարաբերությունները կարող են դուրս գալ մոսկովյան գերվերահսկողության տիրույթից, ինչը, բնականաբար, որևէ կերպ ընդունելի չի կարող լինել Կրեմլի համար, հատկապես այս իրավիճակում, երբ Հայաստանը փորձում է խորը հարաբերություններ հաստատել նաև Եվրոպայի հետ: Իսկ Իրան-Հայաստան երկաթուղին այս տեսանկյունից առանցքային ծրագրերից մեկն է, թեև այստեղ էականն, իհարկե, զուտ կոնկրետ ծրագիրը չէ, այլ ընդամենն Իրանի հետ կոնտակտներ հաստատելու Մոսկվայի նախաձեռնությունը:
Վիկտոր Ռեբեցն, անկասկած, Թեհրան մեկնելով որպես «Հարավկովկասյան երկաթուղիների» պաշտոնյա, այնտեղ ունեցել է նաև դե ֆակտո ՌԴ ներկայացուցչի ոչ իրավական կարգավիճակ՝ մոտիկից ծանոթանալու համար, թե ինչ է կատարվում հայ-իրանական հարաբերություններում և դրանցում ինչ ռիսկեր կան ռուսական շահերի համար, որոնք պետք է չեզոքացնել, ինչպես մինչ այժմ հայ-իրանական բոլոր ռազմավարական նախագծերը:








































