ՀՀ կառավարությունը շարունակական քաղաքականություն է ծավալում գործարար միջավայրի տեսանկյունից Հայաստանն առավել գրավիչ դարձնելու համար:
Հայաստանը հռչակել ու հետևողականորեն իրականացնում է բաց դռների քաղաքականությունը` չկիրառելով գրեթե ոչ մի սահմանափակում ներդրումային գործունեության նկատմամբ:
Այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը Եվրոպական բիզնես ասոցիացիայի կազմակերպած «Բիզնես հեռանկարները, խոչընդոտներն ու հնարավորությունները Հայաստանում» բիզնես-ֆորումի ժամանակ:
Նրա խոսքով` իրականացվող քաղաքականության նպատակն է ապահովել հավասար պայմաններ բոլորի համար, որպեսզի օտարերկրյա ընկերությունները իրենց հարմարավետ ու ապահով զգան մեր երկրում:«Մենք մեծապես կարևորում ենք նման միջոցառումների անցկացումը, իսկ գործարար համայնքի ու տնտեսական քաղաքականություն մշակող պատասխանատուների լայն ներկայացվածությունը այս միջոցառմանը թույլ է տալիս կանխատեսել ակտիվ քննարկում բոլորիս հուզող հարցի շուրջ»,-ասաց Հովիկ Աբրահամյանը:
Վարչապետը շեշտեց, որ Հայաստանը կարող է կամուրջ հանդիսանալ ԵԱՏՄ և ԵՄ երկրների միջև, քանի որ այն մի կողմից անդամակցում է ԵԱՏՄ-ին, մյուս կողմից` ԵՄ երկրների հետ առևտրում ունի GSP+ արտոնյալ ռեժիմից օգտվելու հնարավորություն:«Նմանատիպ արտոնյալ ռեժիմ ունենք նաև Կանադայի, Ճապոնիայի, Նորվեգիայի, Շվեյցարիայի հետ: Մեկ այլ հնարավորություն է ՀՀ և ԱՄՆ կառավարությունների միջև Առևտրի ու ներդրումների մասին շրջանակային համաձայնագիրը, որով ստեղծվում ենք բարենպաստ պայմաններ ներդրումների ու ապրանքաշրջանառության խրախուսման համար»,-ավելաց րեց գործադիրի ղեկավարը:
Հովիկ Աբրահամյանը նաև շեշտեց, որ արտոնությունների լայն շրջանակ են առաջարկում ներդրողներին, ովքեր ներդրում կատարելով կնպաստեն նոր աշխատատեղերի ստեղծմանը:












































