Թուրքական Sözcü թերթի փոխանցմամբ՝ Չինաստանի Սինձյան-Ույղուրական ինքնավար շրջանից (ՍՈՒԻՇ, որին թուրքական կողմն անվանում է Արևելյան Թուրքեստան) գաղթած ույղուրները ցանկանում են ստանալ Թուրքիայի քաղաքացիություն: Այս մասին հայտարարել է նրանց ներկայացուցիչ Սեյիթ Թյումթյուրքը:
Նա մանրամասնել է, որ խոսքը մոտ 10.000 ույղուր ներգաղթյալի մասին է, որոնք ցանկանում են ստանալ Թուրքիայի քաղաքացիություն:
Թյումթյուրքը ընդգծել է, որ հարցն արդիականացել է այն բանից հետո, երբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն ու կառավարությունը ցանկություն հայտնեցին քաղաքացիություն տրամադրել սիրիացի փախստականներին:
Թյումթյուրքը հիշեցրել է, որ ույղուրները ՍՈՒԻՇ-ից Քայսերի են տեղափոխվել 52 տարի առաջ, և բացի այդ, կան նաև Թաիլանդից, Վիետնամից, Կամբոջայից գաղթածներ. «Մեր նախագահը ցանկանում է քաղաքացիություն տալ 3 միլիոն սիրիացու: Դա հյուրընկալության մեծ ժեստ է նրա կողմից: Սակայն դրա հետ մեկտեղ չպետք է մոռացության տրվեն 3000-5000 ույղուրները»:









































