ՀՀ Ազգային ժողովը ապրիլի 30-ին մոտ 5.6 մլն դրամի, իսկ ապրիլի 22-ին՝ 3.5 մլն դրամի գնում է կատարել «Պլազա Սիստեմս» ՓԲԸ-ից: Պայմանագրում նշված չէ, թե ԱԺ-ն այս ընկերությունից ինչ է գնել, սակայն միանգամից աչքի զարնեց «Պլազա Սիստեմս»-ի հասցեն՝ Ամիրյան 4/22: Ամիրյան 4 հասցեում է գտնվում հայտնի նորակառույց National հյուրանոցը, որը պատկանում է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին: «Սփյուռ» տեղեկատուից տրամադրված «Պլազա Սիստեմսի» հեռախոսահամարով զանգահարելիս «Առաջին լրատվական»-ի հարցին պատասխանեց հեռախոսավարուհին՝ ասելով, որ մենք զանգահարել ենք National հյուրանոց:
Հեռախոսավարուհին նաև տեղեկացրեց, որ «Պլազա Սիստեմս»-ն իրենց օֆիսային հատվածն է: Մենք արդեն ներկայացրել էինք, որ հյուրանոցի շենքն ունի հսկայական տարածքներ, որոնք որպես գրասենյակային տարածքներ վարձակալության են տրվում: Ստացվում է, որ Հ. Աբրահամյանը ԱԺ-ի համար ապրիլ ամսին ավելի քան 9 մլն դրամի ինչ-որ ապրանք է գնել իրեն պատկանող «Պլազա Սիստեմս»-ից: Հավանաբար ԱԺ-ից կմեկնաբանեն, թե ապրիլ ամսին կոնկրետ ինչի համար է ԱԺ միջոցներից այդքան գումար փոխանցվել ԱԺ նախագահին պատկանող ընկերությանը:
Այս համատեքստում հետաքրքիր է հիշել նաև, որ Հ. Աբրահամյանի նախկին պատգամավոր եղբայր Ջոնիկ Աբրահամյանը և նրա որդին 2012թ. ամռանը կառավարության իրականացրած ծրագրով 48 հազար լիտր դիզվառելիք էին ձեռք բերել: Այս ծրագրի դեպքում դիզվառելիքի յուրաքանչյուր լիտրի համար 100 դրամը վճարվում է պետական բյուջեից: Նման ծրագրերի դեպքում սովորաբար ֆինանսավորում են անապահով ընտանիքներին: Այս դեպքում Հ. Աբրահամյանի եղբայրն ու եղբորորդին միայն անցած աշնանը պետությունից ստացել են 4.8 մլն դրամ: Այսինքն՝ Աբրահամյանները ամեն գնով փորձում են պետական միջոցներից բաժին ունենալ:
Այս և այլ մանրամասներ կներկայացնենք ավելի ուշ:








































