Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հարցազրույց է տվել Deutsche Welle-ին, որում խոսել է նաև Ռուսաստանի հետ հարաբերությունների բարելավման մասին:
Իվանիշվիլին նշել է, որ Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները վերականգնելու համար անհրաժեշտ է ժամանակ և համապատասխան իրավիճակ: Վարչապետը չի կարծում, որ հնարավոր կլինի երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունները վերականգնել մինչև 2014 թ. Սոչիի Օլիմպիադան:
«Որոշ դրական շարժեր արդեն տեղի են ունցել, գործնականորեն վերականգնվել են առևտրային հարաբերությունները, վրացական արտադրանքն արդեն դուրս է եկել ռուսական շուկա: Մենք ակտիվորեն աշխատում ենք Մոսկվայի և Թբիլիսիի միջև պարբերական ավիաչվերթներ վերսկսելու համար, բանակցություններ են ընթանում մուտքի արտոնագրերի ստացումը հեշտացնելու կամ չեղյալ հայտարարելու շուրջ» ,- ասել է Իվանիշվիլին:
Վարչապետը միևնույն ժամանակ նշել է, որ խնդիրներ կան, ինչպես օրինակ՝ Աբխազիայի և Հարավային Օսեթիայի սահմանի վրա փշալարերի անցկացումը և սահմանապահների կողմից մարդկանց ձերբակալությունը: Նրա խոսքերով՝ Վրաստանն այս հարցերին պատասխան է պահանջում:
«Սակայն չեմ կարծում, որ դա կենտրոնացված կերպով արվում է Կրեմլից: Ընդհանուր առմամբ, Ռուսաստանի հետ հարաբերությունների բարելավման առաջին փուլըշատ արագ և հաջող անցանք: Հեռանկար կա հարաբերությունների հետագա բարելավման համար: Սակայն ժամանակ է պետք: Մենք չենք հասցնի վերականգնել դիվանագիտական հարաբերությունները նախքան Սոչիի Օլիմպիադան: Սակայն ապագայում անպայման կվերականգնենք դրանք»,- հավելել է Վրաստանի վարչապետը:











































