Georgia Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահը գլխավորելու է երկրի պատվիրակությունը, որը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակցելու համար առաջիկա օրերին կմեկնի Վարշավա:
Այդ մասին հայտարարել է Վրաստանի նախագահի մամլո քարտուղար Էկա Միշվելաձեն: Նրա խոսքերով՝ Վրաստանը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից ակնկալում է դաշինքի հետ մերձեցման նոր փուլի սկսում:
Նա հավելել է, որ Մարգվելաշվիլին գագաթնաժողովի շրջանակներում կունենա մի շարք երկկողմ հանդիպումներ: Միշվելաձեն հայտարարել է, որ իրենք կարևոր նշանակություն են տալիս ԱՄՆ պետքարտուղարի այցին, ով Վրաստանում կգտնվի վաղը:
«Վարշավայի գագաթնաժողովի մեկնարկից առաջ նման բարձր մակարդակի այցը վկայում է Վրաստանի անվտանգության ուժեղացման ու երկկողմ հարաբերությունների խորացման հանդեպ անխոս ու ամուր աջակցության մասին: Բացի այդ, մենք հատուկ կարևորություն ենք տալիս Ջոն Քերիի այցին Վրաստանի խորհրդարանական ընտրություններից առաջ»,- ասել է Միշվելաձեն:
Վրաստանում խորհրդարանական ընտրություններն անցկացվելու են հոկտեմբերի 8-ին:










































