Բարաք Օբաման էներգետիկայի զարգացման նպատակով խոստացել է աֆրիկացիներին յոթ միլիարդ դոլար հատկացնել: Այս մասին հունիսի 30-ին տեղեկացրել է Agence France-Presse-ը՝ հղում կատարելով Սպիտակ տան պաշտոնական հայտարարությանը:
Գումարները, որոնց թվում կլինեն ինչպես պետական, այնպես էլ մասնավոր ներդրումներ, կհատկացվեն Power Africa ծրագրի շրջանակներում:
Օգնությունը կտրամադրվի միայն Սև Աֆրիկայի երկրներին (Սահարայից ներքև գտնվող տարածքին): Ստացողների թվում կլինեն Եթովպիան, Լիբերիան, Նիգերիան, Տանզանիան և Գանան: Ամերիկյան իշխանությունների տվյալներով՝ այդ երկրներում բնակչության գրեթե երկու երրորդը առանց էլեկտրաէներգիայի է ապրում:
Սպիտակ տունը ծրագրում է, որ այդ գումարներով աֆրիկացիները տարբեր տիպի էլեկտրակայաններ կկառուցեն, ինչպես նաև կուսումնասիրեն նավթի և գազի հանքավայրերը: ԱՄՆ-ը կարծում է նաև, որ Աֆրիկայում էլեկտրաէներգետիկայի բարելավումը նոր ներդրողների կգրավի:
Պաշտոնապես գումարների հատկացման մասին Բարաք Օբաման կհայտարարի հունիսի 30-ին Աֆրիկայի երկրներ իր շրջագայության շրջանակներում Քեյփթաուն կայանալիք այցի ժամանակ:
Սպիտակ տան հայտարարության համաձայն՝ ամբողջ Սև Աֆրիկան էլեկտրաէներգիայով ապահովելու համար 300 միլիարդ դոլար կպահանջվի։











































