Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին արագ զարգացման հասնելու միակ ճանապարհը համարում է այն, որ իր երկրի բնակիչներն անգլերենով խոսեն այնպես, ինպես իրենց մայրենի լեզվով: Այս մասին նախագահը հայտարարել է երեկ՝ Ազատ համալսարանի ուսանողների հետ հանդիպման ընթացքում, հաղորդում է Apnsy.ge կայքը:
«Մեր լեզուն հնագույններից մեկն է: Մենք այբբենարան ունենք, որին, իմ նախաձեռնությամբ, Բաթումում հսկայական աշտարակ են ձոնել: Սակայն մենք պետք է հիշենք, որ այդ լեզուն և այբբենարանն աշխարհում մեզանից բացի ուրիշ ոչ ոք չի հասկանում: Այդ պատճառով էլ արագ զարգացման միակ ճանապարհն այն է, որ մենք խոսենք անգլերենով այնպես, ինչպես մեր մայրենի լեզվով: Առաջիկա տասնամյակում անգլերենն աշխարհում մրցակիցներ չի ունենա: Դա տեղեկության և կարիերայի լեզու է: Դա մեր ապագաղութացման լեզուն է»:
Նախագահը նշել է նաև, որ «Վրաստանը ոչ մի ընդհանուր բան չունի Ռուսաստանի հետ, քանի որ Ռուսաստանն ինքը վառ ապագա չունի»:











































