Բրիտանական թագուհի Էլիզաբեթ 2-րդը իր կանացի պայուսակը օգտագործում է, որպեսզի պալատական կանանց «ազդանշան» հաղորդի այս կամ այն պաշտոնական միջոցառումը լքելու ցանկության մասին: Այդ մասին հայտնի է դարձել աքսեսուարների արտադրող ընկերության սեփականատիրոջից:
Երբ միապետը պայուսակը դնում է իր առջև՝ սեղանին, ապա դա նշանակում է, որ նա ցանկանում է հեռանալ այդ միջոցառումից: Ընկերության սեփականատեր և ստեղծագործական տնօրեն Ջերալդ Բոդմերը հայտնել է նաև, որ Էլիզաբեթ 2-րդի պայուսակները միշտ մատակարարվում են հայելիների, դրամապանակների և ակնոցի պատյանների հետ: Ընդ որում, հայտնի է, որ թագուհին հազվադեպ է իր հետ կանխիկ գումար վերցնում:
Միապետի պայուսակում ավանդաբար միշտ կան ընթերցանության ակնոց, շրթներկ, կծու կոնֆետներ և գրիչ: Իսկ ինչ վերաբերում է պալատական կանանց, ապա նրանց պայուսակի պարտադիր իրերի թվում են ձեռնոցները, ասեղները, թելերը. ամեն ինչ՝ արտակարգ իրավիճակների համար:








































