ՀՀ ՊՆ N զորամասի նռնականետային դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ Գոռ Բաղդասարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 1-ին մասով՝ Անփույթ վերաբերմունքը ծառայության հանդեպ:
Ըստ մեղադրանքի՝ Գ.Բաղդասարյանը, լինելով պետ և պաշտոնատար անձ, ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսևորելով, խախտել է ՀՀ ԶՈւ ներքին ծառայության կանոնագրքի և գաղտնիության ռեժիմի պահպանության վերաբերյալ ՀՀ պաշտպանության նախարարի հրամանի պահանջները, այն է` պարտավոր լինելով աչալրջորեն և խստորեն պահպանել պետական և ռազմական /ծառայողական/ գաղտնիքը, կանխել ծառայության ընթացքում կամ այլ ճանապարհով հայտնի դարձած գաղտնի տեղեկությունների /փաստաթղթերի/ արտահոսքը` կորուստը, 21.12.2012 թվականին մարտական հենակետից զորամաս վերադառնալու ճանապարհին կորցրել է իրեն ամրակցված, ծառայողական գաղտնիք պարունակող քարտեզը` էական վնաս պատճառելով ծառայության շահերին։
Առաջադրված մեղադրանքում ամբաստանյալ Գոռ Բաղդասարյանն իրեն լիովին մեղավոր է ճանաչել և ցուցմունք տվել, որ մարտական հենակետեր գնալուց առաջ գումարտակի շտաբի պետից ստացել է գաղտնի քարտեզը, հետո հանձնել է: Հենակետեր բարձրանալուց քարտեզը եղել է իր մոտ, հենակետեր իջնելուց մեկ օր առաջ նայել է, նորից եղել է իր մոտ: Հաջորդ օրը նույնպես եղել է իր մոտ, դրանից հետո դրել է պլանշետի մեջ: Հենակետերից իջնելուց եղել է քամի, ձյուն, պլանշետի գոտին պոկվել է, քարտեզն ընկել է, և ինքը չի նկատել: Միայն նկատել է գումարտակ վերադառնալուց: Դրանից հետո կատարել է որոնողական աշխատանքներ, սակայն քարտեզը չի գտել:
ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանքը հիմնավորվել է նաև գործով ձեռք բերված և հետազոտված այլ ապացույցներով:
Վկա Յուրիկ Ժամհարյանը դեկտեմբերի 7-ից մինչև դեկտեմբերի 21-ն ընկած ժամանակահատվածում եղել է մարտական հենակետում, որտեղ հենակետի ավագը եղել է ավագ լեյտենանտ Գոռ Բաղդասարյանը: Ըստ նրա ցուցմունքի, մարտական հենակետից իջնելու ժամանակ եղանակային պայմանները վատ են եղել, սակայն Գոռ Բաղդասարյանի կողմից սայթաքել կամ նման բաներ չի նկատել, իսկ մարտական հենակետի ծառայության ժամանակ կողմնակի անձանց ելք ու մուտք չի եղել, քարտեզը հենակետից դուրս չի եկել:
Վկա Արսեն Խաչատրյանի ցուցմունքով, որ մարտական հենակետերից անձնակազմի իջնելու օրը քարտեզները հաշվառել են, հայտնաբերել են, որ տվյալ քարտեզը չկա: Գումարտակի տարածքում կատարվել են որոնողական աշխատանքներ, նույնպես չեն հայտնաբերել: Հաջորդ օրը մարտական հենակետերի ճանապարհների վրա չեն գտել և զեկուցել են վերադասին:
Վկա Նորայր Ասատրյանի նախաքննությամբ տրված ցուցմունքով, Գոռ Բաղդասարյանը մարտական հենակետում իր փաստաթղթերը պահել է սպայական պայուսակի մեջ։ Մարտական հերթապահություն իրականացնելիս մարտական հենակետ ոչ ոք չի եկել, միայն գումարտակի հրամանատար Թևոս Դավթյանն է եկել մարտական հենակետ և ստուգել ծառայությունը։ Նշել է նաև, որ Գոռ Բաղդասարյանից բացի այդ փաստաթղթերի հետ ոչ ոք չի շփվել և 07.12.20120թ. մինչև 21.12.2012 թ. Գոռ Բաղդասարյանը մշտապես գտնվել է մարտական հենակետում և ոչ մի տեղ չի գնացել:
Նշել է նաև, որ 21.12.2012 թվականին հերթափոխի օրը, Գոռ Բաղդասարյանի սպայական պայուսակը մշտապես եղել է նրա մոտ, և նա այն ոչ ոքի չի հանձնել:
Մեղադրանքը հիմնավորվել է նաև ծառայողական քննության նյութերի եզրակացությամբ, զեկուցագրով, ՀՀ պաշտպանության նախարարի 16.08.2005 թվականի հրամանի քաղվածքով:
ՀՀ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը՝ դատավոր Վահագն Մելիքյանի նախագահությամբ, 18-06-2013թ. դատավճռով Գոռ Բաղդասարյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտել զինվորական ծառայության մեջ սահմանափակմամբ 6 ամիս ժամկետով` դրամական բավարարման գումարի 10 տոկոսի պահումով:
Շիրակի մարզի Ախուրիկ գյուղի բնակիչ, դեռ 25 տարին չբոլորած ամբաստանյալ Գոռ Բաղդասարյանի նկատմամբ պատիժ նշանակելիս դատարանը հաշվի է առել նրա անկեղծորեն զղջալը, զորամասի հրամանատարի կողմից դրական բնութագրվելը, միակողմանի ծնողազուրկ և ընտանիքի միակ կերակրող լինելը:








































