Հայկական արտադրության սերիալների ի հայտ գալուն պես սկսվեցին բուռն քննարկումներ և քննադատություններ: Գ. Սունդուկյանի անվան թատրոնի դերասանուհի Ծովինար Մարտիրոսյանի կարծիքով` պետք չէ այդքան քննադատել սերիալը, որովհետև նոր-նոր է մեզանում այս ոլորտը զարգանում: Նա լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ պետք է դերասաններին հնարավորություն տալ գործընթացի մեջ լինել, թե որակն ինչպիսին կլինի՝ դա հարցի մյուս կողմն է: Երբ որ արտասահմանյան, բրազիլական սերիալներ էին ցուցադրում, դա արդյո՞ք լավ դաստիարակություն էր տանում, իհարկե ոչ»:
Նրա մեկնաբանությամբ` այժմ ցուցադրվում են կենցաղային դրամաներ, որոնք պետք է հասկանալ, ոչ թե ապրել դրանով. «Հայ հասարակությունը հիվանդագին է ընդունում սերիալների հերոսներին, ով բացասական դեր խաղաց՝ հայ ազգը նրան ատում է»:
Ասուլիսի մյուս բանախոս, Գ. Սունդուկյանի անվան թատրոնի դերասան Նարեկ Հայկազյանն էլ հավելեց, որ սերիալում նկարահանվելը այսօր դերասանին հնարավորություն է տալիս ընտանիքը պահել, որովհետև թատրոնի աշխատավարձը դրա հնարավորությունը չի տալիս. «Սերիալի աշխատավարձն է օգնում ընտանիք պահելուն, ուտել է պետք, կոմունալ վճարել, երբեմն-երբեմն հագնվել: Մենք՝ հայերս, մի վատ բնավորություն ունենք՝ այն, ինչը մերն է, վատն է: Ինչո՞ւ հոլիվուդյան, ռուսական ֆիլմերին չեն կպնում»:
Այն դիտարկմանը, թե սերիալներն ազդում են երեխայի հոգեբանության վրա, բանախոսն ասաց. «Ինչո՞ւ է երեխան նայում այդ սերիալը: Լավ, պատկերացնո՞ւմ եք, եթե երեխան դաստիարակվի Tom and Jarry-ով, ուրեմն ամբողջ օրն իրեն վնաս պիտի տա»:
Նրա կարծիքով` ամեն գործի մեջ էլ կա լավն ու վատը: Սերիալում էլ կան լավ բաներ և պետք է դրանք վերցնել:
Ինչ վերաբերում է թատրոնին, ապա երկու դերասաններն էլ պնդեցին, որ այդ ոլորտում դժվար է կայանալը, բայց այնտեղ ոգի կա: Ծովինար Մարտիրոսյանի կարծիքով` թատրոնը ճահիճ է, որտեղ երբ մտնում ես, չես ուզում դուրս գալ:








































