Եգիպտոսի նախագահ Մուհամմադ Մուրսին, որը նախօրեին նշել է իշխանության գալու առաջին տարելիցը, հանգստյան օրերի նախաշեմին բանակին շնորհել է ոստիկանության լիազորություններ: Նախագահը մտավախություն ունի, որ գալիք հանգստյան օրերին երկրում տեղի կունենան զանգվածային բողոքի ակցիաներ: Այս մասին հաղորդում է RBK-ն՝ վկայակոչելով եգիպտական ԶԼՄ-ները:
Զինծառայողներն ուժեղացրել են անվտանգության միջոցառումները կառավարական շենքերի, ռազմավարական օբյեկտների, այդ թվում՝ Սեուզի ջրանցքի մոտ: Փողոցներ են դուրս բերվել տանկեր: Այժմ բանակային ստորաբաժանումները իրավունք են ստացել ձերբակալել ցուցարարներին և նրանց տեղափոխել ոստիկանական տեղամասեր և բանտեր:
Ակնկալվում է, որ զանգվածային ցույցերը կսկսվեն ուրբաթ օրվա աղոթքից հետո և կտևեն մինչև կիրակի:
Նախօրեին Մուրսին ուղերձով դիմել է հայրենակիցներին: Պետության ղեկավարը խոստովանել է, որ իր կողմից թույլ են տրվել սխալներ: Նա ներողություն է խնդրել բենզինի մատակարարման խափանումների, գործազրկության բարձր մակարդակի համար, այնուհետև անցել է ավելի ագրեսիվ հռետորության: Մուրսին ընդդիմադիր գործիչներին մեղադրել է այն բանում, որ վերջիններս չեն ցանկանում երկխոսել և փոխզիջման գնալ:










































