Գերմանական Bild պարբերականն առավոտյան հաստատեց, որ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Դորտմունդի «Բորուսիա»-ից տեղափոխվում է «Մանչեսթեր Յունայթեդ»։ Mirror-ը հոդված է հրապարակել՝ վերլուծելով Ժոզե Մոուրինյոյի և Մխիթարյանի համագործակցությունը․
«Մոուրինյոյի սխեմայում որտե՞ղ կարող է խաղալ 27-ամյա կիսապաշտպանը․ կարճ պատասխան՝ բազմաթիվ դիրքերում։ Մխիթարյանն ունիվերսալ խաղացող է։ Տոմաս Տուխելի գլխավորությամբ նա «Բորուսիա»-ում հաջողությամբ խաղացել է 4-3-3, 4-2-3-1, 3-4-3, 4-4-2 սխեմաներում։
Մխիթարյանը «Բորուսիա»-ի հաջողությունների պատճառներից էր։ Նա խաղում էր կիսապաշտպանության թե՛ աջ, թե՛ ձախ եզրերում՝ 4-3-3 և 4-2-3-1 մարտավարական սխեմաների դեպքում, ինչպես նաև ենթահարձակվողի դիրքում։ Անհրաժեշտության դեպքում նա գործում էր նաև կիսապաշտպանության խորքից՝ ապահովելով արագ անցում պաշտպանությունից հարձակման։
Բունդեսլիգայում ու Եվրոպա լիգայում նա գոլ է խփել բոլոր դիրքերից, որտեղ խաղացել է։ Նրա ամենաարդյունավետ դիրքը եղել է կիսապաշտպանության աջ եզրը 4-2-3-1 սխեմայի ժամանակ։ Աջ եզրում խաղալիս նա 9 խաղում խփել է 5 գոլ ու կատարել 6 գոլային փոխանցում։
Ժոզե Մոուրինյոն նույնպես 4-2-3-1 մարտավարական սխեմայի սիրահար է։ Բացի այդ, նա չունի հզոր խաղացող աջ դիրքում։ Լուի վան Գալը հաճախ այդ դիրքում ընդգրկում էր Խուան Մատային, որի հետ պորտուգալացին հույսեր չի կապում և կարող է տրանսֆերի հանել։
Հենրիխը բազմակողմանի զարգացած ֆուտբոլիստ է։ Նա դասական աջ եզրային չէ։ Նա կարող է խաղի ժամանակ մի քանի անգամ փոխել դիրքը, կատարել մարզչի տարբեր առաջադրանքներ»,- գրում է պարբերականը։









































