Բրիտանացիների մեծ մասը՝ 52 տոկոսից ավելին, կողմ է քվեարկել Եվրամիությունից դուրս գալուն: Բրիտանական հանրաքվե, որն ունի համաշխարհային նշանակություն և ըստ էության հավակնում է դառնալ բրիտանական հեղափոխություն Եվրոպայում:
Ինչպես են զարգանալու իրադարձությունները բրիտանական հանրաքվեից հետո: Այստեղ կա երկու հարթություն՝ ներբրիտանական և եվրոպական: Ինչպես են վարվելու Բրիտանիայում ապրող մյուս ժողովուրդները՝ շոտլանդացիները, ուելսցիները, հյուսիսիռլանդացիները: Ի վերջո, մինչ պատմական հանրաքվեն, Մեծ Բրիտանիայում տեղի ունեցավ մեկ այլ պատմական իրադարձություն, երբ շոտլանդացիները դեմ քվեարկեցին անկախ պետություն ունենալուն, Բրիտանիայի կազմից դուրս գալուն: Ի՞նչ են մտածելու նրանք այժմ, երբ Մեծ Բրիտանիան դուրս է գալիս ԵՄ կազմից կամ հակված է դեպի այդ քայլը: Ի՞նչ են անելու մյուս ժողովուրդները, եթե նրանց շարքում տրամադրությունները, մեղմ ասած, միարժեք չեն:
Իսկ ինչպե՞ս է փոխվելու Մեծ Բրիտանիայի քաղաքականությունը Եվրամիությունից դուրս, ի՞նչ է լինելու Եվրամիության հետ: Բրիտանիային հետևելո՞ւ են եվրոպական այլ երկրներ, որտեղ նույնպես Եվրամիության կազմի մեջ մտնելը եղել է ոչ միարժեք որոշում՝ պայմանավորված առավել շատ քաղաքական կոնյունկտուրայով: Վերջապես՝ մենք ականատես ենք լինում Եվրամիության մայրամուտի՞ն, թե՞ վերածննդին կամ վերելքին:
Սա, իհարկե, կախված է այն քայլերից, որ կանեն հետագայում թե՛ Մեծ Բրիտանիան, թե՛ Եվրամիությունը: Այն, որ ներկայիս զարգացումները ըստ էության անխուսափելի էին, այսինքն՝ այն, որ եվրոպական ճգնաժամի հաղթահարման համար որևէ շոկային որոշում դարձել էր կենսական անհրաժեշտություն և միաժամանակ բնական անխուսափելիություն՝ երևի թե աներկբա է:
Եվրոպան հայտնվել է տնտեսա-քաղաքական խորը ճգնաժամի մեջ, որի արմատները ոչ միայն զուտ կառուցվածքային են, այլև համակարգային՝ էլիտաների մտածողության և տեսակի իմաստով: Ըստ էության, Եվրոպայում մեծ խնդիր էր դառնում վճռական որոշում կայացնող էլիտաների բացակայությունը: Եվ այդ իմաստով գուցե պատահական չէ նաև, որ այդ քայլը կատարեցին բրիտանացիները՝ պետականության և քաղաքականության հինավուրց ավանդույթներով, քաղաքականության բնօրրանի կարգավիճակով: Տվյալ դեպքում, իհարկե, էլիտան չունի լոկ իշխանություն նշանակությունը: Էլիտան միայն իշխանությունը չէ, այլ ընդհանրապես մարդկանց այն խումբը, որը կարողանում է բերել հանրային բեկումնային որոշումների, կարևոր որոշումների:
Բրիտանացիները համարձակվեցին գծել Եվրոպայի պատմության նշանակալի գիծը՝ եզրագիծ կլինի դա, թե մեկնարկի՝ նոր մեկնարկի գիծ՝ կախված է նրանից, թե ինչ շարունակություն կընտրվի թե՛ Մեծ Բրիտանիայում, թե՛ Եվրամիության մյուս երկրներում, այդ թվում՝ առաջատար Գերմանիայում:
Եվրամիությունը, Եվրոպան կարիք ունի լրջագույն վերակառուցման: Անկասկած է, որ առկա գործընթացի ներքո կան շոշափելի քաղաքական շարժառիթներ, տարբեր տնտեսա-քաղաքական խմբերի շահեր և պայքար, սակայն մի բան հստակ է՝ այդ ամենը միշտ եղել է և ներկայումս այդօրինակ դրսևորումներ է ստանում հենց իրավիճակի խորքային թելադրանքով:
Հայաստանից այս ամենը հեռու է, բայց միայն տարածությամբ: Քաղաքական, տնտեսական և քաղաքակրթական առումներով սա անմիջականորեն Հայաստանին առնչվող իրադարձություն է: Հայաստանը ներկայումս բանակցում է Եվրամիության հետ նոր համաձայնագրի համար: Ինչպիսին են այդ բանակցությունները՝ պարզ չէ: Ներկայումս պարզ չէ նաև, թե ինչպիսին է Եվրամիությունը: Եվ հետևաբար ստացվում է, որ պարզ չէ, թե Հայաստանն ինչպիսի Եվրամիության հետ ինչպիսի բանակցություն է վարում:
Միևնույն ժամանակ, այդ հանգամանքը պետք է լինի ոչ թե բանակցության և ընդհանրապես՝ Եվրամիության հետ հարաբերության խորացման պատճառ, այլ հակառակը՝ Հայաստանը պարզապես պետք է կարողանա ավելացնել Եվրամիության հետ աշխատանքի իր հնարավորություններն ու գործիքները՝ իրադարձությունների հետևից հասցնելու, հետ չմնալու, համարժեքությունը չկորցնելու համար:
Փոփոխությունները, եթե դրանք անգամ հեղափոխական են, որևէ կերպ մայրամուտ չեն: Եվրոպայի մայրամուտի մասին դատողությունները ընդամենը հակաեվրոպական կամ հակաքաղաքակրթական պրոպագանդա են: Փոփոխությունները կենդանության նշան են: Անփոփոխ է միայն ճահիճը: Եթե ակնհայտ ճգնաժամային իրավիճակները չեն բերում ակնհայտ, էական, վճռորոշ փոփոխություն ենթադրող քայլերի ու որոշումների, ուրեմն այդ օրգանիզմը մեռած է:
Բրիտանացիները ցույց տվեցին, որ եվրոպական օրգանիզմը մեռած չէ և մտնում է ակտիվ վերականգնողական փուլ: Կասկած չկա, որ այդ փուլը այնքան էլ հարթ չի լինելու: Ի վերջո՝ առաջանալու են հարցեր նաև անվտանգության հետ կապված, որովհետև փաստացի Մեծ Բրիտանիայի դուրս գալու պարագայում առավել առանցքային և ամբողջական է դառնում ՆԱՏՕ-ն: Արդյո՞ք սա կբերի նաև եվրոպական անվտանգության համակարգի վերանայման, թե՞ ՆԱՏՕ-ն կդառնա առանցքային գործիքը: Սրանք իսկապես հարցեր են, որոնց պատասխանները շատ դժվար է գտնել, և դրանք կերևան ժամանակի ընթացքում:
Մի բան հստակ է՝ եթե անգամ տարօրինակ հնչի, սակայն Հայաստանը ունի հնարավորություն պետականության կարգավիճակով գտնվելու մի ժամանակի ու քաղաքակրթական տարածության մեջ, որտեղ ձևավորվելու է նոր Եվրոպա: Խնդիրը այստեղ այն է, թե կձևավորվի՞ նոր Հայաստան՝ ինքնիշխան Հայաստան: Որովհետև հին կամ ներկայիս Հայաստանը ունակ չէ օգտվել որևէ մեծ կամ փոքր պատմական պատեհությունից:








































