Հայաստանի՝ լուրջ որոշումներ կայացնելու պահը հասունացել է: Այսօր «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց Միջազգային հարաբերությունների լեհական ինստիտուտի (Վարշավա) քաղաքական փորձագետ Կոնրադ Զաշտովտը՝ խոսելով ՀՀ արտաքին քաղաքական վեկտորի ընտրության անհրաժեշտության շուրջ:
Ըստ լեհ փորձագետի՝ Սերժ Սարգսյանը Վարշավայում վերահաստատեց այն, որ ցանկանում է շարունակել այն քաղաքականությունը, որը Հայաստանի քաղաքական գործիչները շարունակում են ավելի քան 20 տարի. խոսքը կոմպլեմենտար քաղաքականության մասին է, այսինքն՝ լավ հարաբերություններ և՛ Ռուսաստանի, և՛ Արևմուտքի հետ:
Միջազգայնագետի համոզմամբ՝ սակայն տնտեսական ինտեգրացիոն գործընթացներն այդ սկզբունքով շարունակել հնարավոր չէ:
«Այս դեպքում բարդ կլինի, որովհետև այստեղ կան շատ տարբեր տեխնիկական բարդություններ, իսկ այն, ինչ առաջարկում է ԵՄ-ն, շատ հստակ և կոնկրետ բարեփոխումներ են: Այստեղ, կարծում եմ, կոմպլեմենտարիզմը կշարունակվի, բայց, այնուամենայնիվ, տնտեսական երկկողմ ինտեգրացիոն գործընթացներն անհնար են»,- ասաց Կոնրադ Զաշտովտը:
Վերջինիս համոզմամբ՝ հասունացել է ՀՀ կառավարության՝ լուրջ որոշումներ կայացնելու պահը: Կոնրադ Զաշտովտը մեզ հետ զրույցում նաև ասաց, որ դեռևս սպասում են Ասոցացման համաձայնագրի բանակցային գործընթացի ավարտին, այն պետք է ավարտվի սեպտեմբերին:
Նշենք, որ «Առաջին լրատվական»-ը լեհ փորձագետի հետ խոսել է ՀՀ արտաքին քաղաքական մարտահրավերների, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ Վարշավա կատարած պաշտոնական այցի և այլ հարցերի շուրջ: Հայտնի լեհ միջազգայնագետի ամբողջ հարցազրույցին առաջարկում ենք ծանոթանալ ավելի ուշ:
Հիշեցնենք, որ օրերս Լեհաստանի նախագահի հետ համատեղ ասուլիսում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, պատասխանելով լեհ լրագրողի այն հարցին, թե որքանո՞վ է Հայաստանը վճռական՝ իրականացնելու այն բարեփոխումները, որոնք անհրաժեշտ են Եվրամիությանն ինտեգրվելու համար, հայտարարել էր, որ Հայաստանն իր գործունեությունը կառուցում է ոչ թե «կամ-կամ»-ի, այլ «և-և»-ի սկզբունքի վրա:
Սերժ Սարգսյանը նախ խոսել էր Ռուսաստանի և Հայաստանի ռազմավարական և պատմության խորքից եկող բարեկամական հարաբերությունների մասին՝ ընդգծելով, որ Հայաստանն ու Ռուսաստանը ՀԱՊԿ անդամ երկրներ են, և Հայաստանը Ռուսաստանի հետ ունի ինչպես շատ ընդլայնված տեխնիկական, այնպես էլ խորը տնտեսական հարաբերություններ։
«Ռուսաստանում ապրում է ամենամեծ հայկական համայնքը, և այդ համայնքի անդամները շատ հարգված մարդիկ են: Եվ մենք երբեք չենք արել քայլ, որ ուղղված կլինի Ռուսաստանի դեմ, և չունենք որևէ բարդույթ, որ մեզ կարող է մղել այդպիսի քայլի», – հայտարարել էր Սերժ Սարգսյանը։









































