«Հրապարակ»-ի խմբագրություն զանգահարած մանկավարժության դոկտոր Սերգեյ Մանուկյանը պնդել է, որ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի կողմից ԲՈՀ-ի նախագահ Արտյուշա Ղուկասյանին արված նկատողության, ինչպես նաև նրան պաշտոնից հեռացնելու դրդապատճառն այն է, որ Ղուկասյանը չի հաստատում Աշոտյանի տեղակալ Մանուկ Մկրտչյանի դոկտորականը:
Հիշեցնենք, որ մայիսի 24-ին կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը խիստ նկատողություն էր հայտարարել ԲՈՀ-ի նախագահ Արտյուշա Ղուկասյանին` հանձնարարականները թերի կատարելու համար: Իսկ Ղուկասյանը պնդում է, որ նկատողությունն անհիմն ու ոչ իրավաչափ է:
«Պատճառն այն է, որ հոկտեմբերի 26-ին Արմեն Աշոտյանի տեղակալ Մանուկ Մկրտչյանը «Ուսուցման կազմակերպման կոլեկտիվ եղանակի իրականացման մեթոդաբանությունը, տեսությունը և պրակտիկան» թեմայով դոկտորական դիսերտացիա է պաշտպանել, սակայն ԲՈՀ-ը չի հաստատում, քանի որ այն աղետ է մեր դպրոցների համար»,-ասել է Սերգեյ Մանուկյանը` մանրամասնելով, որ Մկրտչյանի դոկտորականի հիմնական միտքն այն մանկավարժական մեթոդն է, ըստ որի, ուսուցիչն այլևս դպրոցում չպետք է դաս բացատրի, քանի որ նա պրոֆեսիոնալ է, և նրա բացատրածը երեխան չի ընկալում: Փոխարենը երեխաները պետք է իրար դաս բացատրեն:
Շարունակությունը կարդացեք «Հրապարակ»-ի այսօրվա համարում:










































