ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը ժամանել է Վրաստան: Ինչպես հաղորդում է «Գրուզիա Օնլայն»-ը, Ռասմուսենն այսօր կհանդիպի Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի հետ, որից հետո նախատեսված է նրանց համատեղ մամլո ասուլիսը:
Այսօր տեղի կունենա նաև ՆԱՏՕ-Վրաստան հանձնաժողովի նիստ և միջոցառում՝ հյուրերի համար, Ռուսթավելի թատրոնում, որը փակ կլինի ԶԼՄ-ների ներկայացուցիչների համար:
Հունիսի 27-ին Հյուսիսատլանտյան խորհուրդը հանդիպումներ կանցկացնի Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիդ Ուսուպաշվիլիի, խորհրդարանական մեծամասնության և փոքրամասնության ներկայացուցիչների և խորհրդարանի կոմիտեների նախագահների հետ: Նույն օրը Ռասմուսենը Վրաստանի խորհրդարանի Ազգային գրադարանում ուսանողների հետ հանդիպմանը հանդես կգա ելույթով:
Հունիսի 27-ին նախատեսված է ոչ պաշտոնական աշխատանքային ճաշ՝ Ռասմուսենի և Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիայի, ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Գիգի Բոկերիայի մասնակցությամբ: Նույն օրը նշանակված է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի և նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի համատեղ մամլո ասուլիսը:
ՆԱՏՕ-ի պատվիրակությունը Թբիլիսիից կհեռանա հունիսի 27-ին:








































