Պաղեստինյան ղեկավարությունը պնդում է Իսրայելի հետ խաղաղ բանակցությունների վերսկսման վերաբերյալ իր առաջադրած պայմանները, այն է՝ վերաբնակեցման շինարարության դադարեցում և մինչ 1967-ի պատերազմը եղած սահմանների ճանաչում: Այդ մասին լրագրողներին հաղորդել է պաղեստինցի բանակցող Սաիբ Օրեյքաթը:
Տարածաշրջան ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հերթական այցի նախօրեին Իսրայելի լրատվամիջոցներում լուրեր են տարածվել, որ ամերիկյան միջնորդը համոզել է կողմերին մեղմացնել իրենց դիրքորոշումը և մոտ է նրան, որ վերադարձնի նրանց բանակցության սեղանի շուրջ՝ 2,5 տարվա բանակցային գործընթացի դադարից հետո:
«Մենք չենք փոփոխել մեր դիրքորոշումը: Իսրայելի կողմից իր պարտականությունների իրականացման դեպքում մենք պատրաստ ենք վերադառնալ բանակցություններին… Վերաբնակեցման շինարարության դադարեցումն այն պարտավորությունն է, որը պետք է կատարվի»,- ասել է Օրեյքաթը:







































