Մայիսի վերջին աշխարհում ամենամեծ կոկորդիլոս Կասիուս Կլեյը նշել է իր 110-րդ տարեդարձը: Նվերը ճուտիկներից պատրաստված հսկայական 20 կգ-անոց տորթն է եղել: 2011 թ. Ավստրալիայի հյուսիսի ամենահայտնի բնակիչներից մեկն ընդգրկվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես անազատության մեջ պահվող ամենախոշոր կոկորդիլոս:
Այդ հսկային բռնել են 26 տարի առաջ: Նա վախ էր ներշնչում տեղի բնակիչներին և մեծ վնասներ էր պատճառում՝ հարձակվելով նավակների վրա:
Կոկորդիլոսին անվանել են լեգենդար բռնցքամարտիկ Կասիուս Կլեյի (Մուհամմեդ Ալի) անունով:
Կոկորդիլոսի ճշգրիտ տարիքը հայտնի չէ, սակայն փորձագետները կարծում են, որ նա 110 տարեկան է: Կոկորդիլոսին խնամողը նշել է, որ Կասիուսը լավ վիճակում է և կարող է դեռ 30 տարի էլ ապրել:
Կասիուս Կլեյը ոչ միայն ամենատարեց, այլև աղի ջրերում ապրող ամենախոշոր կոկորդիլոսն է: Նրա մարմնի երկարությունը 5,48 մ է, և նա մոտ մեկ տոննա է կշռում:











































