Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ մայրաքաղաքում ամառային հանգիստն անցկացնող մանուկների առօրյան առավել հետաքրքիր ու լիարժեք դարձնելու նպատակով վարչական բոլոր շրջաններում հուլիսի 1-ից օգոստոսի 28-ը կկազմակերպվեն ամառային բակային ճամբարներ: Ընդհանուր առմամբ գործելու է ավելի քան 100 բակային ճամբար, որտեղ մանուկների օրը կանցնի մարզամշակութային և ճանաչողական միջոցառումներով հագեցած:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ վարչական շրջանների պատասխանատուների մասնակցությամբ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը, անդրադառնալով բակային ճամբարներում նախատեսված միջոցառումների ծրագրին, նշել է, որ արդեն ավանդական դարձած ծրագրից բացի, պետք է հանդես գալ նաև նոր նախաձեռնություններով և համապատասխան առաջարկություններով` ձևավորելով բակային ճամբարների նոր մշակույթ:
Ամառային ճամբարներում նախատեսված են վարչական շրջանների ստեղծագործական կենտրոնների մասնակցությամբ համերգային ծրագրեր, հայրենասիրության դասեր, թատերական ներկայացումներ և հայկական ֆիլմերի ու մուտֆիլմերի ցուցադրություններ, ազգային պարերի ուսուցում, մարզական տարբեր մրցույթներ ու առաջնություններ, էքսկուրսիաներ և այլն: Մրցույթներում հաղթող և առավել ակտիվ ճամբարականներին սպասում են նաև խրախուսական նվերներ: Նախատեսվում է, որ այս տարի ամառային բակային ճամբարին կմասնակցի 10 հազարից ավելի երեխա:









































