Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը ուրբաթ օրը շարունակել է «վիրտուալ ճակատամարտը» Դեմոկրատական կուսակցությունից իր գլխավոր մրցակից Հիլարի Քլինթոնի դեմ՝ հրապարակելով հոլովակ նրա հասցեին Բարաք Օբամայի քննադատական արտահայտություններով, հայտնում է RIA Novosti-ն:
«Ես հազվադեպ եմ համաձայն լինում նախագահ Օբամայի հետ, այնուամենայնիվ նա 100%-ով իրավացի է խարդախաբարո Հիլարիի հարցում: Հիանալի գովազդ»,- գրել է Թրամփը տեսահոլովակի մեկնաբանությունում:
Ըստ հոլովակի հեղինակների՝ այն կազմված է Օբամայի մեջբերումներից 2008 թվականի նախընտրական արշավի ժամանակ, երբ Դեմոկրատական կուսակցությունից նրա մրցակիցը Քլինթոնն էր: Ապագա նախագահի արտահայտություններից է «Քլինթոնը պատրաստ է ասել ամեն ինչ, միայն թե ընտրվի», ինչպես նաև մեղադրանքը, որ Քլինթոնը 2003 թվականին աջակցել է ամերիկյան զորքերը Իրաք մտցնելուն:
Որպես դրան պատասխան՝ Քլինթոնը Թրամփին խորհուրդ է տվել ջնջել իր հաշիվը Twitter-ում:








































